News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Պարադոքսալ է, բայց փաստ՝ ԵՄ-ին անդամակցության հավակնող Թուրքիան զմռսել է հարեւան երկրի սահմանը, երբ Եվրոպական միությունում սահմաններն արդեն վաղուց պատմություն են դարձել, իսկ ազատ տեղաշարժը՝ հիմնարար սկզբունք: Այս մասին, այսօր՝ ապրիլի 24-ին, Չեխիայում Արեւելյան գործընկերության 5-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված բարձր մակարդակի հանդիպման ժամանակ իր ելույթում հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Նա իր ելույթում նաեւ ասել է.

«Հինգ տարի առաջ հենց այստեղ` Պրահայում, մեկնարկեց Արեւելյան գործընկերություն կոչվող մեր համատեղ ճամփորդությունը, որն ընդլայնեց եւ լրացրեց համաեվրոպական արժեքային համակարգի վրա հիմնված Եվրոպական միության հետ մեր համագործակցության օրակարգը:

Հարգելի՛ բարեկամներ,

Այսօր ես Պրաhա եմ ուղեւորվել Հայոց ցեղասպանության հուշահամալիրից, որտեղ հարգանքի տուրք մատուցեցինք Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին: 1915 թվականի ապրիլի 24-ին Կոստանդնուպոլսում հարյուրավոր հայազգի մտավորականների` գրողների, նկարիչների, արվեստագետների, բժիշկների, հասարակական գործիչների ձերբակալությամբ եւ սպանդով սկսվեց Օսմանյան կայսրության կողմից նախապես ծրագրված եւ պետական մակարդակով իրագործված ոճրագործությունը, որը մարդկության պատմությանը հայտնի է որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն: Այսօր ես ցանկանում եմ շնորհակալական խոսք հղել այն պետություններին, կազմակերպություններին եւ անհատներին, որոնք օգնության ձեռք են մեկնել մեզ համազգային ողբերգության ժամանակ, ճանաչել եւ դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Ցեղասպանության հանցագործությունը վաղեմության ժամկետ չունի, եւ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ եւս մեկ անգամ կարեւորում եմ այս աննախադեպ ոճրի ճանաչումն ու դատապարտումը միջազգային հանրության կողմից:

Մենք հանձնառու ենք աշխարհի բոլոր ցեղասպանությունների ճանաչման ու դատապարտման գործին եւ մշտապես ակտիվորեն աշխատում ենք միջազգային ասպարեզում ուժեղացնելու ցեղասպանությունների կանխարգելմանն ուղղված համագործակցությունն ու իրավական գործիքները: ՄԱԿ-ի շրջանակներում Հայաստանը նախաձեռնել եւ հեղինակել է մի շարք բանաձեւեր՝ ուղղված ցեղասպանության հանցագործության դեմ պայքարի իրավական հիմքերի ամրապնդմանը:

Եվրոպական միությանն անդամակցության ձգտող Թուրքիան շարունակում է խույս տալ սեփական անցյալի հետ առերեսվելուց, խուսանավել պատասխանատվությունից եւ տասնամյակներ շարունակ իր ժխտողականության քաղաքականությամբ խեղաթյուրել պատմությունը: Ավելին, Թուրքիան ջանք չի խնայում ժխտողականությունը տարբեր մեթոդներով պարտադրելու նաեւ այլ երկրների:

Այսօր, Թուրքիայի հազարավոր քաղաքացիներ, որոնց շարքերը տարեցտարի ստվարանում են, չնայած հետապնդումներին եւ հալածանքներին, մերժում են Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը եւ կանգնում ճշմարտության կողքին: Սեփական պատմության հետ առերեսումը եւ դրա հետեւանքների գիտակցումը հաշտեցման կարեւոր գրավականն է: Մենք հավատում ենք, որ հաշտեցման կարեւոր գրավական է նաեւ մարդկային շփումների խթանումը: Ցավոք, դա գրեթե անհնարին է, երբ առկա են արհեստական խոչընդոտներ, երբ փակ է սահմանը:

Հայ-թուրքական հարաբերությունների չկարգավորված լինելը եւ Եվրոպայի վերջին փակ սահմանը շարունակում են մնալ համաեվրոպական անվտանգության խոցելի բաղադրիչներից մեկը: Պարադոքսալ է, բայց փաստ՝ ԵՄ-ին անդամակցության հավակնող Թուրքիան զմռսել է հարեւան երկրի սահմանը, երբ Եվրոպական միությունում սահմաններն արդեն վաղուց պատմություն են դարձել, իսկ ազատ տեղաշարժը՝ հիմնարար սկզբունք:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ