News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պատգամը հայ ժողովրդին Հայկական ցեղասպանության 99-րդ տարելիցի նախօրեին ոչ այլ ինչ է, եթե ոչ հատկապես Ցեղասպանության 100-ամյակի շեմին, Թուրքիայի ուրացման քաղաքականության նոր ձեւ, լինելով միջազգային ճնշման տակ՝ ճանաչելու եւ հաշտվելու իր անցյալի հետ: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի գրասենյակը:

Հայտարարությունում նաեւ ասվում է.

«Թեեւ աննախընթաց, սակայն միշտ նպատակ ունենալով՝ խանգարել միջազգային ճանաչումն ու դատապարտումը՝ Թուրքիայի կողմից հայերի դեմ գործած ջարդերին, որոնք սկիզբ են առել 1915-ի ապրիլի 24-ին: Եվս մեկ անգամ նշելով «1915 թվականի իրադարձությունները գիտական մոտեցումով հետազոտելու համար պատմաբանների միացյալ հանձնաժողով կազմելու կոչը՝ Էրդողանը մոռանում է, որ անկախ գիտնականներ եւ ակադեմականներ այդ «իրադարձությունները» արդեն ցեղասպանություն են որակել:

Հայության բնաջնջումը դնելով Օսմանյան կայսրության կորուստների ընդհանուր պարունակի մեջ, հավասարեցնելով զոհի եւ ոճրագործի կորուստները, եւ ցավակցություն հայտնելով կորուսյալների թոռնիկներին, Էրդողանը խաղաղություն բերելու փոխարեն՝ անարգում է նրանց հիշատակը: Հայության ջարդը իր պատմական հողերի վրա է տեղի ունեցել, նույնիսկ Օսմանյան կայսրության փլուզումից հետո, պետական ծրագրով եւ բծախնդիր գործադրմամբ: Եթե Թուրքիայի վարչապետը իր ցավակցություններն է ուզում հայտնել՝ նախ եւ առաջ ան պետք է ընդունի, որ Հայկական ցեղասպանությունն իրագործվել է Թուրքիայի կողմից:

«Երկու ժողովուրդների միջեւ, հայերի եւ թուրքերի միջեւ, իսկական հաշտություն եւ խաղաղություն կարող է տեղի ունենալ միայն այն դեպքում, եթե Թուրքիա ընդունի իր ցեղասպան անցյալը, դատապարտի, եւ հողային ու նյութական հատուցումները կատարի հայ ժողովրդին հանդեպ: Մնացյալը պարզ խոսքեր են, եւ Հայկական ցեղասպանության Թուրքիայի կողմից ուրացման քաղաքականության շարունակություն»,-ասել է Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը եւ եզրափակել. «Քանի դեռ Թուրքիան իր վերանայում իր անցյալը, իր ոճիրը չի ճանաչում, եւ չի կրում իր պատասխանատվությունը, միշտ հավանական է, որ այս կամ այն ձեւով պիտի կրկնի այդ ոճիրը: Ուստի, Թուրքիայի կողմից Հայկական ցեղասպանության ճանաչումը, եւ հատուցումը՝ Հայաստանի եւ ընդհանրապես հայության համար անվտանգության հարց է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ