News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, այսօր՝ ապրիլի 24-ին, Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսի գլխավորած ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը` ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնի ուղեկցությամբ:

Պատվիրակության կազմում էին կոնգրեսականներ Էլիոթ Լանս Էնգելը, Դեյվիդ Սիսիլինին եւ Լոյս Ֆրենկլը:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ Գարեգին Բ-ն ընդգծել է, որ հայ ժողովրդի համար նվիրական այս օրով կոնգրեսականների այցը Հայաստան մեծագույն մխիթարություն է պարգեւում աշխարհասփյուռ հայությանը: Նորին Սրբությունն իր գնահատանքն է բերել ներկաներին եւ ի դեմս նրանց՝ այն բոլոր կոնգրեսականներին, ովքեր ջանքեր են գործադրում` միտված Հայոց հարցի լուծմանը, Թուրքիայում քրիստոնեական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանը, ինչպես նաեւ՝ Արցախի ժողովրդի խաղաղ կյանքի ապահովմանը:

Վեհափառ Հայրապետը հույս է հայտնել, որ նման նախանձախնդիր ու նվիրյալ անձանց ջանքերի շնորհիվ արդար լուծումներ կստանան մարդկության կյանքն ահաբեկող ոճիրները, եւ մարդասիրական արժեքները մշտապես կառաջնորդեն դեպի հաղթություն:

Նորին Սրբությունը, անդրադառնալով Թուրքիայի իշխանությունների մերժողական քաղաքականությանը, փաստել է, որ հայ ժողովրդի հոգում ատելություն չկա, սակայն պայքարը հանուն արդարության պետք է հաղթանակով պսակվի, որովհետեւ միայն Հայոց Ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման միջոցով հնարավոր կլինի ազգերի ու պետությունների կյանքում կանխարգելել նման ոճիրների կրկնումը:

Կոնգրեսականներն իրենց հերթին Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացրել են Հայոց Ցեղասպանության ճանաչման ուղղությամբ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից իրականացված աշխատանքները` միաժամանակ իրենց զորակցությունը հայտնելով հայ ժողովրդին:

Տպել
Ամենաշատ