Ղրիմից տեղահանված ժողովուրդների ռեաբիլիտացիայի մասին Ռուսաստանի նախագահի հրամանագիրը հույս է տալիս, որ ավելի քան 20 հազար հայեր, որոնք 1940-ական թվականներին տեղահանվել են թերակղզուց, կարող են վերադառնալ Ղրիմ: Այս մասին «ՌԻԱ նովոստիին» հայտնել է Ղրիմի հայերի ընկերակցության ղեկավար Վաղարշակ Մոլքոնյանը:
«Ռուսաստանի նախագահի հրամանագիրը մեզ հույս է ներշնչում, որ Ղրիմի ժողովուրդների իրավունքները կվերականգնվեն: Մեր ժողովրդի վերադարձը Ղրիմ չի կայացել այս կամ այն պատճառներով, ուստի մենք հույս ունենք, որ հրամանագրի եւ դաշնային ծրագրի հետ կապված, որը մշակվելու է այդ հրամանագրի հիման վրա, մեզ՝ ավելի քան 20 հազար ղրիմահայերին կհաջողվի վերադառնալ Ղրիմ»,-ասել է Մելքոնյանը:
Նրա խոսքով՝ հայերի վերադարձը Ղրիմ պետք է ուղեկցվի բնակավայրերի շինարարությամբ՝ նրանց բնակության համար, իսկ վերադարձի գործընթացը պետք է տեղի ունենա հավասարակշռված եւ աստիճանաբար:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ապրիլի 21-ին Ղրիմի թաթարների եւ այլ ժողովուրդների ռեաբիլիտացիայի մասին հրամանագիր է ստորագրել, որոնք տուժել են ստալինյան բռնաճնշումներից:
«Օգտվելով առիթից, կցանկանայի տեղեկացնել գործընկերներին, որ ես Ղրիմի ղրիմթաթարական բնակչության, հայ բնակչության, գերմանացիների, հույների եւ բոլորի ռեաբիլիտացիայի մասին հրամանագիր եմ ստորագրել, որոնք տուժել են ստալինյան բռնաճնշումների ժամանակ»,-ասել է Պուտինը:
Նրա խոսքով՝ նույն հրամանագրում ներկայացված են «նոր տարածքների սոցիալ-տնտեսական դասավորման» միջոցառումները, որոնք վերջին տարիներին եւ նույնիսկ տասնամյակներին փաստացի անտեսված են եղել եւ «իրավական առումով որեւէ կերպ ձեւակերպված չեն եղե,», հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: