News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Խորհրդային տարիների հայտնի պետական գործիչ, հակասական կերպար հանդիսացող Անաստաս Միկոյանի արձանը Հայաստանի մայրաքաղաքում տեղադրելու մասին առաջարկներ եղել են դեռ 2000-ական թվականների սկզբին, սակայն հարազատները ոչ մի կերպ չէին կողմնորոշվում, թե որտեղ տեղադրել արձանը: NEWS.am-ի հետ զրույցում Երեւանի քաղաքապետի խորհրդական Գագիկ Բաղդասարյանը ներկայացրեց արձանի տեղադրման հետ կապված մանրամասներ:

Պարոն Բաղդասարյան, ինչո՞ւ հենց հիմա որոշվեց արձանը տեղադրելու մասին նախագիծ ներկայացնել Երեւանի ավագանիին:

Ավագանուն նախագիծ ներկայացվել է Անաստաս Միկոյանի հիշատակը հավերժացնելու համար փողոց եւ հուշարձան տեղադրելու վերաբերյալ դեռ 2008թ., իսկ նախաձեռնություններ՝ դեռ 2004թ.-ից սկսած: Այդ ժամանակ եւ հարազատներն էին դիմում, եւ Կոմունիստական կուսակցության կողմից: Այդ ժամանակ ինչո՞ւ որոշում չի կայացվել, որովհետեւ փողոց եւ հուշարձան տեղադրելու համար պետք է հարազատների թույլտվությունը: Իհարկե, 2008թ.-ին, համաձայնության եկան հարազատների հետ եւ Եղվարդի խճուղին անվանակոչվեց նրա անունով, իսկ հուշարձանի հարցը չլուծվեց, քանի որ մենք առաջարկում էինք հենց Եղվարդի խճուղու վրա տեղադրել այն, սակայն հարազատները չհամաձայնվեցին: Արդեն 2013թ.-ին հարազատներ, մասնավորապես Միկոյանի թոռնիկը՝ Վլադիմիր Միկոյանն առաջարկեցին արձանը տեղադրել Երեւանի Կենտրոն համայնքում Իսահակյան-Մոսկովյան փողոցների միջանկյալ այգում: Երեւանի գլխավոր ճարտարապետն էլ է համաձայնվել, եւ նախագիծն ուղարկվել է ավագանի, որտեղ էլ ընդունվել է այն:

Ո՞վ է քանդակի հեղինակը եւ ո՞վ է ֆինանսավորելու:

Ֆինանսավորումը եւ հուշարձանի հետ կապված բոլոր հարցերը լուծելու են հարազատները, իսկ թե ինչ գումարի մասին է խոսքը, չեմ կարող ասել, որովհետեւ քաղաքապետարանի լիազորություններից դուրս են, պետական բյուջեից գումար չի հատկացվում: Իսկ արձանի հեղինակը ռուս է, լինելու է այն արձանը, որը կա Անաստաս Միկոյանի գերեզմանի վրա:

Պարոն Բաղդասարյան, փաստաթղթեր կան, որոնցում առկա է, թե ինչպես է Անաստաս Միկոյանն առաջարկում գնդակահարել 1500 հայի, կամ թե այն մասին, որ ինքը համաձայն է Արցախն Ադրբեջանին հանձնելուն: Ինչքանո՞վ է ճիշտ նման քաղաքական գործչի հուշարձանը տեղադրել Հայաստանի մայրաքաղաքում:

Ավագանին որոշումը կայացնում է պաշտոնական տեղեկատվության հիման վրա, նրանք չեն կարող հիմնվել ինչ-որ մեկի արխիվի հիման վրա: Պաշտոնական կենսագրության մեջ չկան այն փաստերը, որոնք Դուք եք ներկայացնում: Իսկ Ձեր նշած փաստերի մասին Հայկ Դեմոյանն էլ ավագանու նիստի ժամանակ հայտարարեց, որ իր ներկայացրած փաստերն իր անձնական արխիվից են:

Սա նշանակում է, որ որոշումը չի՞ վերանայվելու, արձանն անկախ ամեն ինչից տեղադրվելո՞ւ է:

Արձանը տեղադրվելու է, որովհետեւ ավագանին որոշում է կայացրել, իսկ դա իրավական հիմք է արձանը տեղադրելու մասին: Իսկ Միկոյանի կյանքի մութ կյանքի վերաբերյալ ես ինքս ընդամենը մի փաստաթուղթ եմ տեսել, որտեղ չկա Միկոյանի ստորագրությունը, այնտեղ եղել է Եժովի ստորագրությունը: Միկոյանն ինքը մեղադրողների շարքում է եղել: 1956թ.-ին նա դատապարտել է ստալինյան ռեպրեսիաները:

Պարոն Բաղդասարյան, կնշե՞ք 5 արժանիք, որի համար Անաստաս Միկոյանի արձանը պետք է տեղադրվի Երեւանում:

Անաստաս Միկոյանի դերն աներեւակայելի մեծ է: Օրինակ՝ Արփա-Սեւան ջրատարի կառուցման համար մեծ դերակատարում է ունեցել: Կարող եմ հաստատ ասել, որ Միկոյանը մեծ դեր ունեցավ Բաղրամյանի կյանքի փրկության հարցում: Բաղրամյանը առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ մասնակցում էր Հայաստանի զինված ուժերին, որը դաշնակցական էր եւ չէր կարող ազատվել ռեպրեսիաներից, եթե Միկոյանն անձապես չօգներ նրան: Միկոյանը մեծ դեր է ունեցել «Նաիրիտ» գործարանի կառուցման մեջ, ինչպես նաեւ տնտեսական հաջողությունների մեջ: Նույն Անաստաս Միկոյանը օգնել է Ավետիք Իսահակյանին: Եվ վերջապես Անաստաս Միկոյանը գյուղատնտեսական Հայաստանը դարձրեց արդյունաբերական երկիր: Ամեն դեպքում պետք է չմոռանալ տվյալ ժամանակաշրջանը:

Պարոն Բաղդասարյան, կա փաստաթուղթ այն մասին, որ Միկոյանը ցանկացել է Լեռնային Ղարաբաղը հանձնել Ադրբեջանին: Արդյո՞ք այս հանգամանքն էլ հաշվի չեք առե՞լ:

Պետք չի կոնտեքստից դուրս նայել, պետք է հաշվի առնել ժամանակաշրջանը, որովհետեւ ինքն ասում է՝ այս պահին այս մոտեցումն է ճիշտ: Ես նրան չեմ արդարացնում, քանի որ դա նրա կարիքը չունի, սակայն տվյալ ժամանակաշրջանը չպետք է մոռանալ: Իսկ հաղթաթուղթի վերաբերյալ ես այլ բան եմ տեսնում. ադրբեջանական կայքերում այսօր գրում են, որ պարզ է, թե ով է եղել 26 կոմիսարների դավաճանը,  դա Միկոյանն է եղել,  եւ հիմա օգտվում են առիթից եւ գրում են, թե տեսեք՝ ինչ աղմուկ է բարձրացել արձանի հետ կապված: Օգտագործելով մեր տարակարծությունները, մեր կարծիքները՝ փորձում են դիվիդենտներ հավաքել մեր մեծերի մասին:

Նշենք, որ ավագանու կայացրած որոշումից հետո անցել է 15 օր, սակայն հասարակությունը շարունակում է պնդել, որ արձանը չպետք է տեղադրվի:

Զրուցեց Աիդա Հովհաննիսյանը

Տպել
Ամենաշատ