Հայաստանի նախկին վարչապետներ Խոսրով Հարությունյանը, Արմեն Դարբինյանն ու Վազգեն Մանուկյանը պատրաստ են մասնակցել Հովիկ Աբրահամյանի նախաձեռնած «վարչապետների ակումբ»-ի հանդիպումներին:
NEWS.am-ի հետ զրույցում Հանրային խորհրդի նախագահ, նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը նշեց, որ ինքը մեծ սիրով կմասնակցի այդ քննարկումներին:
«Ես միշտ էլ կողմնակից եմ, որ մարդիկ, ովքեր փորձ ունեն, միմյանց հետ հանդիպեն եւ փորձի փոխանակում անեն: Աշխարհի բոլոր պետություններում նախկին վարչապետերն այս կամ այն ձեւով օգնում են իրենց երկրին եւ նմանատիպ ակումբների ստեղծումը միջազգայնորեն ընդունված ձեւ է: Իսկ ես եթե ասելու բան ունենամ, ինչո՞ւ չեմ գնա: Իհարկե, կմասնակցեմ ակումբի քննարկումներին»,- ասաց նա:
Խոսրով Հարությունյանն էլ իր հերթին հիշեց, որ նմանատիպ ակումբ ստեղծվել է նաեւ 2000-ական թվականների սկզբին, եւ հենց այդ փորձը ընդունելով է այժմ Հովիկ Աբրահամյանը նման առաջարկ անում:
«Ես կարծում եմ, որ նման նախաձեռնությունն օգտակար կլինի, որեւէ վարչապետ ունի իր փորձառությունը կփոխանցի մյուսներին, բացի դրանից այս տեսակ քննարկումները լավ են հետեւյալ առումներով. Նախ ակումբը պատասխանատու քաղաքական պաշտոնյաների ոչ պաշտոնական հարթակ կարող է լինել, կստեղծվի մշակույթ, երբ պաշտոնաթող պաշտոնյան շարունակում է օգնել իր պետությանը: Բացի դրանից՝ նման ոչ պաշտոնական շփումների հարթակը արժեհամակարգ են ձեւավորում»,- ասաց ՀՀԿ-ական պատգամավորը՝ նշելով, որ իր համար անակնկալ էր նման նախաձեռնությունը, սակայն «դուրը շատ է եկել»:
Ռուս-հայկական սլավոնական համալսարանի ռեկտոր, նախկին վարչապետ Արմեն Դարբինյանի համար էլ Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությունն ապացուցում է նորանշանակ վարչապետի խոհեմությունը. «Կիսվելու, խորհուրդ հարցնելու, խորհրդակցելու եւ պատրաստակամությունը խոհեմության նշան է: Լավ է, որ վարչապետն այդ հատկությունները պատրաստ է դրսեւորել»:
Նշենք, որ բացի այս երեքից՝ նորանկախ Հայաստանի վարչապետներ են եղել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանը, Տիգրան Սարգսյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանը, ընդդիմադիրներ Հրանտ Բագրատյանն ու Արամ Սարգսյանը: Թե նրանցից եւ ով ցանկություն կհայտնի մասնակցել ակումբի քննարկումներին, հայտնի կլինի միայն ակումբի ձեւավորումից եւ առաջին հանդիպումից հետո:
Հիշեցնենք, որ մայիսի 20-ին կառավարության ծրագիրը խորհրդարանին ներկայացնելիս ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ մտադիր է «Վարչապետների ակումբ» ստեղծել՝ կազմում ընդգրկելով երբեւէ կառավարության ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձանց: Ակումբի անդամները, ըստ Աբրահամյանի, պետք է քննարկեն երկրի իրավիճակը եւ լուծման ընդհանուր ուղիներ առաջարկեն:





























