Հայաստանի հատուկ նշանակության խմբի հետախույզ-դիվերսիոն ջոկատի վետերանների նախաձեռնությամբ մայիսի 23-ին Երևանում բացվեց «Ողջ մնալու արվեստ» մարտավարական ակումբը։ Ակումբում 18 տարեկանից բարձր քաղաքացիներին կսովորեցնեն մարտավարական հնարքներ անհրաժեշտության դեպքում իրենց պաշտպանելու համար։
«Որոշեցինք անվանել «Ողջ մնալու արվեստ» և ոչ թե գոյատևելու, քանի որ ինտելեկտով բարձր ազգերը չեն գոյատևում, այլ ցանկացած իրավիճակում կարողանում են ճիշտ ելք գտնել»,- ասաց ակումբի տնօրեն, Կենտրոնական հրամանատարության հետախույզ, դիվերսիոն հատուկ նշանակության ջոկատի հիմնադիր հրամանատար Վլադիմիր Վարդանովը։
Նրա խոսքով՝ թշնամու թույլ կողմը ինտելեկտի բացակայությունն է. «Իսկ ինտելեկտը մեզ մոտ այնքան շատ է, որ երբեմն մոռանում ենք, որ ինտելեկտը ուղեղ է ու ատամներ չունի: Մեր վերջնանպատակն է, որ Հայաստանի ինտելեկտուալ մասը , որը, ես համոզված եմ, մեր ազգի 99.9 տոկոսն է, «Վերնիսաժում» զոհ չդառնա, այսինք` չդառնան «пушечнoe мясо»:
Պարապունքները տեղի են ունենալու շաբաթական երեք անգամ, երկու ժամ տևողությամբ, սովորեցնելու են սառը զենքի օգտագործում, ավտոնոմ գոյատևում, վին չուն մարտարվեստի տիրապետում:
Պարոն Վարդանովը նշեց, որ դասընթացները նախատեսված են տասնութ տարեկանից բարձր անձանց համար, քանի որ նման բաներ սովորելու համար մարդիկ պետք է պատասխանատվության բարձր զգացում ունենան:











