News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Միգրացիոն հարցերով հայ-ռուսական համատեղ խմբի հերթական չորրորդ նիստի ժամանակ ռուսական կողմը ներկայացրել է երկու համաձայնագիր, որով Հայաստանի հանրապետությունից Ռուսաստան մեկնող քաղաքացիները հաշվառվելու են ոչ թե 7, այլ 30 օրվա ընթացքում, բացի դրանից հանվելու է Հայաստանի հանրապետության քաղաքացիների աշխատանք կատարելու իրավունքի քվեարկությունը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը:

«Ռուսական կողմից մեզ մի քանի փաստաթղթեր ներկայացվեցին: Մի փաստաթուղթը հնարավորություն է տալիս Հայաստանի քաղաքացիներին Ռուսաստանի Դաշնությունում հաշվառվել ոչ թե յոթ օրվա, այլ երեսուն օրվա ընթացքում: Այս ընթացքում քաղաքացիները կարող են իրենց այլ խնդիրներով զբաղվել: Մյուս համաձայնագիրը վերաբերվում է Ռուսաստանի աշխատաշուկայում առանց քվեարկության Հայաստանի հանրապետության քաղաքացիների աշխատանք կատարելու իրավունքի: Հիմա գիտեք՝ յուրաքանչյուր քաղաքացի մինչեւ աշխատանք կատարելը, պետք է դիմի, բազմաթիվ փաստաթղթեր ներկայացնի, պետական տուրք վճարի, ստանա թույլտվություն, կամ նույնիսկ չանցնի: Հիմա այս ամեն ինչը հանվում է: Երրորդ համաձայնագիրը միջգերատեսչական էր, սակայն որոշվեց, որ դա դառնա միջկառավարական: Սա է քննարկվել միգրացիոն հարցերով հայ-ռուսական համատեղ աշխատանքներով 4-րդ նիստին»,- ասաց նա:

Գագիկ Եգանյանի խոսքով՝ հայկական կողմը մայիսի 22-ի երեկոյան քննարկել է համաձայնագրերը եւ հաջորդ օրն առավոտյան ներկայացրել իր նկատառումները:

«Մայիսի 28-ին հենց այս համաձայնագրերի հարցով մեկնում եմ Մոսկվա: Սրանք ընդամենը աշխատանքային մակարդակով քննարկումներ են: Եթե մենք համաձայնեցնենք, ապա դրանից հետո արդեն կքննարկվեն պետական մարակդակով»,- ավելացրեց Եգանյանը՝ կտրականապես հերքելով մամուլում տարածված տեղեկությունները, թե ռուսական կողմը՝ ի դեմս Ռուսաստանի Դաշնային միգրացիոն ծառայության ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկիի, Հայաստանին առաջարկում է համաձայնագրեր, որոնք վերաբերվում են երկքաղաքացիությանն ու զորակոչին:

Նշենք, որ հնարավոր է՝ այս համաձայնագրերն ուժի մեջ մտնեն մինչեւ Մաքսային միությանն անդամագրելը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ