Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Նախախորհրդարանի» քարտուղարության համակարգող Ժիրայր Սեֆիլյանը ԱԱԾ աշխատակիցների կողմից իր հասցեին հնչեցված սպառնալիքներն առայժմ չի մեկնաբանում, սպասում է ԱԱԾ ղեկավարի մեկնաբանությանը։

«Ինձ ԱԱԾ աշխատակիցների կողմից ուղղված սպառնալիքների մասին «Նախախորհրդարանը» հայտարարություն է տարածել, այդ հայտարարությունում ամեն ինչ նշված է եւ ավելին ասելու բան չուեմ, ավելին կհորդորեմ, որ փորձեիք մանրամասներ ճշտել Ազգային անվտանգության ծառայության ղեկավարից, թե ինչու են նրանք այդպիսի անհեթեթ սպառնալիքներ ուղղել ինձ։ Ես ունեմ մեկնաբանություն, սակայն, առայժմ այդ մասին, չէի ցանկանա խոսել, լավ կլիներ, առաջին մեկնաբանությունը ԱԱԾ-ն աներ, ավելի ուշ ես անձամբ իմ կարծիքը կհայտնեմ»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց  Ժիրայր Սեֆիլյանը։

Ավելի վաղ Նախախորհդարանը տեղեկություն էր տարածել, ըստ որի, ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության մի բարձրաստիճան սպա Նախախորհրդարանի ներկայացուցչի միջոցով պաշտոնապես Ժիրայր Սեֆիլյանին ուղղված սպառնալիք է փոխանցել, թե վերջինս Քեսաբի ազատագրման նպատակով այնտեղ ազատամարտիկներ է ուղարկում,  եւ եթե մեկ անգամ էլ փորձի նման քայլ կատարել, նրան կարտաքսեն Հայաստանից:

Անդրադառնալով իր կնոջ՝ Նանոր Սեֆիլյանի հետ մայիսի 26-ին տեղի ունեցած միջադեպին, Սեֆիլյանն ասաց. «Ամեն ինչ սպասելի է, ես այս պահին չեմ ուզում ոչ մի հաստատում անել, սակայն ինձ ուղղված սպառնալիքի հայտարարությունից ընդամենը 2-3 օր հետո տեղի է ունենում իմ կնոջ նկատմամբ այդպիսի ոտնձգություն, որը կասկածի տեղիք բնականաբար տալիս է»։

Նշենք, որ նախախորհրդարանի տարածած հաղորդագրության համաձայն՝ մայիսի 26-ին, երբ ոստիկանները մոտեցել էին «ՍԱՍ» սուպերմարկետի մոտ կայանած՝ Սեֆիլյանի կնոջ մեքենային եւ ստիպել էին պոկել «Ձեռքերդ դուրս մեր գրպանից» մեքենայի վրա փակցված պիտակը, Նանոր Սեֆիլյանը դիմադրել էր, ոստիկանները նրան քաշքշել էին, ապա լսելով նրա արեւմտահայերեն խոսքը՝ ասել. «Թող գնա Հայաստանից, եթե ստե քեզ դուր չի գալիս», այնուհետեւ երեք մեքենայով երկար հետապնդել էին նրան։