Մայիսի 28-ին Գյումրիում ծննդաբերության ժամանակ մահացած 38-ամյա Կարինե Պապանյանի սկեսուրը, որի աչքի առջեւ է մահացել հարսը, պնդում է, որ  հարսը մահացել է բժիշկների անուշադրության հետեւանքով։ Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Կարինեի սկեսուրը՝ Էվելինա Մինասյանը։

«Ինքը վատացել էր, գոռում էինք՝ «բժիշկ-բժիշկ», բժիշկ չկա, եսիմ՝ որտեղից վազելով եկավ, ինչ-որ օգնություն ցույց տվողը քույրն էր, նա էլ ոչինչ անել չկարողացավ, հետո մինչեւ եկավ, ուշ էր, ինքն արդեն մահացել էր, բժիշկն իրա մեռնելու պահին կողքը չի եղել»,- ասաց Էվելինա Մինասյանը:

Սկեսրոջ խոսքով՝ մինչեւ ծնարան տանելը հարսին հետազոտել են ու ասել, որ պտղի սրտի աշխատանքը նորմալ չէ, միացրել են շնչառական ապարատ, այնուհետեւ տարել ծնարան, որտեղ վիճակն ավելի է վատացել:

«Նա էնքան էր վատացել, որ աչքիս առաջ աթոռին պառկած թփրտաց երեք անգամ ու էլ չկար, էդ ամբողջ ընթացքում բժիշկը կողքը չի եղել: Երեխու գլուխը երեւաց ու հետ գնաց։ Ես արդեն աղջկաս հեռախոսով ասում էի, որ երեխեն ծնվում ա»,- պատմեց տիկին Էվելինան։

Նրա խոսքով՝ իրենք առաջարկել են, որ կեսարյան հատում անեն, սակայն հիվանդանոցում ասել են՝ «Կարինեն ցավեր ունի, ինքնուրույն կունենա»։

Կարինե Պապանյանի մայրը՝ Ռիմա Բարսեղյանն էլ ասաց, որ դատաբժշկական փորձաքննության արդյունքներն արդեն տրված են,  ու մեր թղթակցին ցույց տվեց եզրակացութունը, որտեղ գրված էր, որ մահվան պատճառ եղել է սրտային անբավարավածությունը:

«Եթե Կարինեն ուներ սրտի անբավարարություն, թող  ընդհատեին հղիությունը, մի՞թե իրենք՝ բշիկները, չգիտեին, չէին տեսնում, որ սրտի անբավարություն ունի, ինչո՞ւ չարեցին ինչ-որ բան, որ փրկեին գոնե մեկի կյանքը. իրանք կերան երկու հոգու կյանք»,- արտասվելով պատմում էր Ռիմա Բարսեղյանը, որը ծննդաբերությունից անմիջապես առաջ հեռախոսով խոսել էր դտսեր հետ:

Սկեսուրը պատմեց նաեւ, որ հարսի մահից հետո րոպեներ անց բժիշկները հավաքվել են ծնարանում ու միմյանց մեջ քննարկել տեղի ունեցածը, ինքն էլ լսել է՝ ինչ են քննարկում  ու խոսում.

«Ես իմ ականջով լսեցի, որ ինչ-որ բժիշկ ասաց, թե՝ ի՞նչ եք արել, դատական գործ եք սարքել, հիմա էդ բժիշկին ես դեմքով ճանաչում եմ, թող գան, կանգնեն ես կասեմ, թե որ մեկն էր ասողը, իմ հարսիս իրանք սպանեցին, տվեցին ձեռքս»:

Հիշեցնենք, որ Առողջապահության նախարարության հաղորդագրության համաձայն՝ երկու անչափահաս երեխաների մոր՝ Կարինեի ախտորոշումն է 41-42 շաբաթական հղիություն, երրորդ աստիճանի ճարպակալում, ծննդաբերության առաջին շրջան, պտղաջրերի վաղ արտահոսք, մահվան հավանական պատճառն է հարպտղաջրային էմբոլիան։ Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանը NEWS.am-ի հետ զրույցում ասել էր,  պտղաջրային էմբոլիան առաջանում է հենց ծննդաբերության պահին, եւ հնարավոր չէ կանխատեսել կամ կանխարգելել այն։

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ ծննդաբերության ժամանակ առաջացած բարդության հետեւանքով մայիսի 28-ին Գյումրու «Մոր և մանկան» ավստրիական հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքում ծննաբերելիս մահացել է  Կարինե Պապանյանը։ Սա 38-ամյա կնոջ երրորդ հղիությունն էր. նա ուներ երկու երեխա՝ 15 եւ 17 տարեկան։