«Վանաձոր» առողջարանի եւ ՀՀ ԱՆ աշխատակազմի պետական առողջական գործակալության Լոռու մարզային կենտրոնի 58-ամյա պահակ Լյովա Բուղլադարյանին մայիս 31-ի գիշերը ծեծի ենթարկելու կասկածանքով ձերբակալված՝ 24-ամյա Բենիկ Ալեքսանյանն ընդունել է, որ ինքն է ծեծել պահակին։ Այսօր՝ հունիսի 2-ին, Բենիկ Ալեքսանյանը քննչական մարմնի աշխատակիցների ուղեկցությամբ գնացել է դեպքի վայր, որտեղ պատմել է կատարվածի մանրամասները։

Լոռու մարզի քննչական բաժնի ավագ քննիչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Դավիթ Ղազախեցյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ Բենիկ Ալեքսանյանը ՌԴ եւ ՀՀ երկքաղաքացի է, Հայաստան է եկել վերջերս, իր ցուցմունքում գրել է, որ ինքը «Մարտ առանց կանոնների» մարզաձեւի Մոսկվայի չեմպիոն է։

Երեւանի Սբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցից NEWS.am-ին ասացին, որ 58-ամյա Լյովա Բուլղադարյանի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր, նա անգիտակից վիճակում է, ստացել է ծանր գանգուղեղեային տրավմա, գլխի եւ դեմքի շրջանում ունի պատռված վերքեր։

Նրա որդին՝ Գարիկ Բուլղադարյանը, որը հոր հետ կատարվածից հետո ժամանել է Հայաստան, NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ իր եթե նույնիսկ հայրը հաղթահարի այս ճգնաժամը, նա ամբողջ կյանքում հաշմանդամ է մնալու. «Իմ առողջ հերը դարձել է ինվալիդ, 70-80 տոկոսը չկա»։ Գարիկ Բուլղադարյանի խոսքով, Երեւան տեղափոխելուց առաջ բժիշկներն իր ընտանիքին ասել են, որ հնարավոր է՝ հայրը ճանապարհին մահանա։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դաժան ծեծի հետեւանքով մայիսի 31-ին ծանր վիճակում Վանաձորից Երեւան է տեղափոխվել 58-ամյա Լյովա Հրանտի Բուլղադարյանը։

Ոստիկանության նախնական տվյալով, դեպքը տեղի է ունեցել կեսգիշերն անց՝ 00։30-ի մոտ։ Արնաշաղախ պահակին առավոտյան 06։30-ի սահմանում նկատել է առողջարանի տարածքում վազող մի աղջիկ եւ ահազանգել ոստիկանություն։ Կատարվածի առնչությամբ ձերբակալել են 24-ամյա Բենիկ Սամվելի Ալեքսանյանին, որը նախնական վարկածով եղել է ալկոհոլի ազդեցության տակ, փնտրել է իր ընկերներին։

Ժան Գալստյան