News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Գառնիի արքունական բաղնիքի դիմաց բացօթյա սրճարան կառուցելու վերաբերյալ Մշակույթի նախարարությունն իր վերջնական որոշումը կկայացնի միայն հուլիսի վերջին, իսկ մինչեւ այդ դիտարկում է անցկացվում՝ պարզելու համար, թե անցած տարվա համեմատ զբոսաշրջության աճ կա, թե ոչ: Այս մասին NEWS.am-ին ասաց «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ղեկավար Վլադիմիր Պողոսյանը:

«Այս պահին որեւէ գործողություն Գառնիում չի կատարվում, ընդամենը հանգստի նստարաններ են տեղադրվել: Առաջիկա երկու ամիսների ընթացքում էլ դիտարկում է անցկացվելու՝ պարզելու համար, թե զբոսաշրջության աճ կա, թե ոչ, հանգստի նստարանների տեղադրումից հետո ինչ-որ բան փոխվել է, թե ոչ, քանի որ զբոսավարները համոզված են, որ եւ նստարանները, եւ սրճարանի տեղադրումը, նվազեցնի զբոսաշրջիկների այցը պատմական տաճար»,- ասաց նա:

Նշենք, որ Մշակույթի նախարարությունն ու ՊՈԱԿ-ն դեռ ապրիլի կեսերից քննարկումներ են անցկացնում շահագրգիռ կողմերի հետ՝ որոշելու տաճարի տարածքում սրճարան կառուցելու նպատակահարմարությունը: Տուրօպերատորների կարծիքով՝ սրճարանը կվնասի տաճարի զբոսաշրջային գրավչությանը: Չնայած սրճարանի բացումն ի սկզբանե նախատեսված էր մայիսի 9-ին, սակայն այն հետաձգվեց անորոշ ժամանակով:

Հիշեցնենք, որ Գառնիի գյուղապետ Աշոտ Վարդանյանը պայքարում էր սրճարանի կառուցման դեմ՝ նշելով, որ չկա Մշակույթի նախարարության հստակ եզրակացություն, որ շինության տարածքը պեղումների ենթակա չէ։ Գառնիի բնակիչները նույնպես միացել էին գյուղապետին։

Տպել
Ամենաշատ