News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Վիրջինիա նահանգի իշխանությունները ռումինացի հակեր Մարչելո Լազարին մեղադրանք են ներկայացրել  բարձր պաշտոն զբաղեցրած քաղաքական գործիչների, այդ թվում՝ ԱՄՆ-ի նախկին նախագահներ Ջորջ Բուշ-կրսերի եւ Ջորջ Բուշ-ավագի ընտանիքների անդամների  էլեկտրոնային հասցեները կոտրելու համար, հաղորդում է Fox News հեռուստաալիքը:

Լազարին մեղադրում են, մասնավորապես, այլ մարդկանց համակարգիչներ ապօրինի մուտք գործելու, անձնական տվյալների գողացման եւ տեխնիկական միջոցների կիրառմամբ խարդախության համար: Նրան մինչեւ 20 տարվա ազատազրկում է սպասվում:

Ամերիկյան քննչական մարմինների վարկածով՝ 2012-2014թթ. ընթացքում մեղադրյալը մուտք է գործել սոցիալական ցանցերում պաշտոնատար անձանց հաշիվներ եւ դրանց միջոցով անձնական բնույթի տեղեկատվություն է գողացել: Բացի այդ, իր զոհերից մեկի անունով նա այլ օգտատերերին հաղորդագրություններ է ուղարկել, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:

The Wall Street Journal-ի տեղեկացմամբ՝ Լազարի գործողություններից տուժել են առնվազն մեկ նախկին նախարար, երկրի զինված ուժերի շտաբի մեկ նախկին անդամ եւ Բուշերի ընտանիքի անդամը: Ամերիկյան իրավապահ մարմինները ենթադրում են, որ հենց վերջինիս էջի միջոցով է հակերը գողացել Ջորջ Բուշ-ավագի անձնական նկարները, որոնք հետո տեղադրել է համացանցում:

Նշվում է, որ այս շաբաթ ռումինական դատարանը արդեն դատապարտել է Լազարին 4 տարվա ազատազրկման այլ հանցագործությունների մեղադրանքով: Դեռեւս հայտնի չէ, ամերիկյան դատախազությունը մտադի՞ր է արդյոք պահանջել  հակերի անմիջապես հանձնումը, թե՞ սպասել, մինչեւ վերջինս հայրենիքում ստացած պատիժը կկրի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ