Գարնանային սրացումներ են: Վերջին շրջանում քաղաքական էլիտայի ազգականների մասնակցությամբ միջադեպերը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այսպես բնութագրեց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:
«Գիտեք՝ ինչ կա, մենք փոքր երկիր ենք, որտեղ ամեն մարդու բարեկամ կարող է ինչ որ հանցանք կամ զանցանք գործել: Այ եթե տեսնես, որ ոստիկանությունը աջակցում է դրան կամ նման վատ արարքներին, այդ ժամանակ կասեք: Մարդիկ ծնվում են, ապրում են, չես կարող ասել, թե ինչու են այսպես վարվում: Գարնանային սրացումներ են, կանցնեն շուտով»,- ասաց նա:
Հարցին, թե ինչու են նման դեպքերը շատ, ոստիկանապետը պատասխանեց. «Բեւեռվածությունն է շատ ուղղակի, թե չէ նման դեպքեր միշտ էլ եղել են: Խոսքը դեպքերի լինելու-չլինելու մասին չէ, այլ դրանց դեմ պայքարի, որ բոլորն էլ պատժվելու են»:
Նշենք, որ վերջին մեկ ամսվա ընթացքում աղմկահարույց պատմությունների մեջ ընկան ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մորաքրոջ թոռները, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբորորդին, Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորորդին, Երեւանի քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանի որդին:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























