News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետության նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը հունիսի 24-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ առաջարկել է եւս երեք ամսով երկարաձգել հանրային քննարկումների փուլը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում սահմանադրագետ, մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը ներկայացրեց, թե ինչ փուլում է հանձնաժողովի աշժխատանքները:

Պարոն Պողոսյան, հանձնաժողովն ի՞նչ առաջարկներ է ներկայացրել նախագահ Սերժ Սարգսյանին:

Քննարկվել է հանրային քննարկումների ընթացքը եւ առաջարկվել է հանրային քննարկումներն ավելի խորը ծավալել, առաջարկվել է առնվազն երեք ամսով ավելացնել հանրային քննարկումների համար սահմանված ժամկետը:

Միթե նախապես սահմանված ժամկետը բավարար չէր հանրային քննարկումների փուլի համար:

Մենք կարծում էինք, հիմա էլ ենք կարծում, որ անհրաժեշտություն կա այդ հանրային քննարկումներն ավելի լայն ձեւաչափով ծավալել, մասնավորապես մարզերում: Եվ դրա հետ կապված արդեն հստակ ժամանակացույց ենք կազմել, որպեսզի ամբողջ հուլիս ամսին մենք հանձնաժողովի տարբեր անդամներով նման քննարկումներ անցկացնենք մարզերում: Բացի դրանից երեկվա հանդիպման ժամանակ մենք կարեւորեցինք որոշ խրթին հարցերի էլ ավելի մասնագիտական քննարկումների անհրաժեշտությունը, մասնավորապես Վենետիկի հանձնաժողովի հետ, այլ մասնագետների հետ եւ դրանով էր պայմանավորված մեր երեկվա առաջարկությունը:

Իսկ ինչքանո՞վ են հանրային քննարկումները արդյունավետ, ի՞նչ են տալիս քննարկումները հանձնաժողովին:

Ես կարծում եմ, որ դրանք արդյունավետ են: Ամեն պարագայում հանրային քննարկումները երկու նպատակ են հետապնդում. Առաջինը հանրությանն իրազեկելն է բնականաբար, երկրորդ որոշակի իմպուլսներ, գաղափարներ, առաջարկներ ստանալն է: Այս առումով էլ են հանրային քննարկումները մեզ համար կարեւոր, որ որոշակի գաղափարներ եւ առաջարկներ են գալիս քննարկումների մասնակիցներից:

Պարոն Պողոսյան, քննարկումներից պարզ դառնո՞ւմ է, թե ինչքանով է հասարակությունը հետաքրքրված այս բարեփոխումներով:

Դժվար է ամբողջական պատկերի մասին խոսելը, որովհետեւ մեր քննարկումներն ըստ էության եղել են միայն Երեւան քաղաքում, եւ դա է պատճառներից մեկը, որ ցանկանում են քննարկումներ անցկացնել նաեւ մարզերում: Բնականաբար, ենթադրում եմ, որ մարզերում մեծ ուշադրություն կդարձվի հենց տարածքային ինքնակառավարման մարմինների խնդիրներին, որոնք մի տեսակ ստվերում են մնացել Երեւանում անցկացվելիք քննարկումների ժամանակ:

Ո՞րն է լինելու սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հաջորդ քայլը:

Մեր նախնական գրաֆիկը նախատեսում էր հայեցակարգը նախագահին ներկայացնել հուլիսի 1-ին, սակայն եթե հանրային քննարկումները ավելացնում ենք առնվազն երեք ամսով, ապա այս ընթացքում նաեւ հանձնաժողովը հայեցակարգի վերջնական տեքստը պատրաստի եւ ներկայացնի: Կարծում եմ՝ ամենաուշը հոկտեմբերի վերջին կամ նոյեմբերի սկզբին հայեցակարգը ներկայացված կլինի հանրապետության նախագահին: Նշեմ նաեւ, որ այս ընթացքում մենք նաեւ որոշակի աշխատանքներ ենք ծավալել բուն տեքստի վրա, այսինքն հայեցակարգից հետո եկող փուլի վերաբերյալ: Մասնավորապես՝ հիմնական իրավունքների գլխի վերաբերյալ հուլիսի վերջին նախատեսվում է գերմանացի հայտնի փորձագետների հետ հանդիպում Գերմանիայում, որպեսզի կարողանանք այդ գլուխն արդեն նախագծային տեսքով պատրաստենք: Սա նշանակում է, որ այն գլուխները, որոնք քիչ աղմկահարույց են, դրանց տեքստերի վրա զուգահեռ արդեն աշխատում ենք:

Այսպիսով, պարոն Պողոսյան, ե՞րբ պատրաստ կլինի բարեփոխումների տեքստը:

Հայեցակարգը ներկայացնելուց հետո պետք է հավանության արժանանա հանրապետության նախագահի կողմից, որի համար ժամկետներ չկան: Եթե հավանության տրվի, ապա տասը ամսվա ընթացքում պետք է հանձնաժողովը ներկայացնի սահմանադրական բարեփոխումների տեքստը:

Հարցազրույցը՝ Աիդա Հովհաննիսյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ