News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Շիրակի մարզի Արփենի համայնքում առաջին անգամ անցկացվող տարազի փառատոնին այսօր՝ հունիսի 28-ին, ցուցադրվեցին ավելի քան 10 հայկական քաղաքների տարազներ, կենցաղային իրեր ու կերակուրներ:

Փառատոնը կազմակերպել էր «Հայրենիքի զարգացման նախաձեռնություն» հիմնադրամը:  Կազմակերպիչների խոսքով՝ փառատոնը հասարակությանը հնարավորություն է տալիս  հայկական ավանդական տարազը ներկայացնել իր բոլոր առանձնահատություններով:

«Ազգային ավանդական հագուստի նկատմամբ պետք է հատուկ ուշադրություն ունենալ: Պետք է կարողանալ պահպանել բոլոր ժամանակների հագուստների պատմական ակունքներն ու  փոխանցել այն սերնդեսերունդ»,- NEWS.am-ին ասաց  հիմնադրամի ծրագրերի ղեկավարի օգնական Դավիթ Ադամյանը:

Փառատոնի ընթացքում ցուցադրությանը զուգահեռ կազմակերպվել էր նաեւ վաճառք: Շիրակում գործող թանգարանները նույնպես ներկայացրին իրենց հավաքածուներում պահվող տարազները:

Տարազի Փառատոնին մասնակցում էր նաեւ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, Հայաստանում Նորվեգիայի Թագավորության պատվո հյուպատոս Թիմոթի Սթրայթը, Շիրակի  մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը: Ինչպես մեզ հետ զրույցում նշեց մարզպետը՝ հայկական տարազը պատմում է հայ ժողովրդի ծագման, զարգացման, նրա պատմական ճակատագրի մասին:

«Հայկական տարազի առանձնահատկություններն ու պատմությունը շատ հին են: Մեր հայկական  ավանդական հագուստներն ինքնատիպ են ու տարբերվող: Կարեւորն այն է, որ, թեեւ այդ հագուստները մարդիկ այժմ չեն կրում, դրանք պահպանել են իրենց ձեւը, զարդանախշերն ու իմաստը»- ասաց Ֆելիքս Ցոլակյանը:

Նշենք, որ «Հայրենիքի զարգացման նախաձեռնություն» հիմնադրամն այս տարի նախատեսում է ևս երկու փառատոն՝ «Մեղրի ու հատապտուղերի», «Ոսկե հասկի»:

Տպել
Ամենաշատ