News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


«Գծագրություն» առարկայից հունիսի 29-ին ընդունելության քննություն հանձնած մի քանի տասնյակ դիմորդներ ԿԳ նախարարից պահանջում են նոր քննություն կազմակերպել` նոր հանձնաժողովով եւ նոր կազմված առաջադրանքներով: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում այսօր՝ հուլիսի 1-ին, ասաց «Գծագրություն» առարկայից քննություն հանձնած դիմորդ Ելենա Եղիազարյանը:

«Պահանջում ենք նոր քննություն` նոր հանձնաժողովով եւ նոր կազմած առաջադրանքներով, որոնք գոնե ինչ-որ չափով հեշտ կլինեն ճարտարապետների քննությունից, որովհետեւ մենք դիզայնի բաժնի համար ենք դիմում եւ սովորաբար  մեր քննությունն ավելի հեշտ է եղել, քան ճարտարապետներինը, իսկ այս տարի դրանք համարյա թե նույնն էին»,-ասաց Ելենա Եղազարյանը:

Նրա խոսքով` 137 դիմորդներից 40-ը ստացել է 8 միավոր, իսկ 12-ից ցածր ստացողների թիվը 80-ից ավելի է:

Ճարտարապետության բաժնի դիմորդ Էդվարդ Հարությունյանն էլ բողոքեց, որ քննական առաջադրանքներն իրենք չեն «քաշել», այլ իրենց բաժանել են, նաեւ հանձնաժողովի անդամները օգնել են որոշ դիմորդների. «Քննության ժամանակ մի քանի դասախոսներ մտել են քննասենյակ եւ իրենց մոտ պարապած դիմորդներին օգնել են  խնդիրը իդեալական լուծել, եւ բարձր ստացած դիմորդները հիմնականում այդ դիմորդներն են»:

Էդվարդը պնդում է, որ եղել են դիմորդներ, որոնք հանձնել են դատարկ քննաթերթիկը, սակայն ստացել են շատ բարձր գնահատական:

«Մեր քննաթերթիկները պետք է անանուն լինեին, բայց մեզ ասացին, որ մեր անուն ազգանունները գրենք քննաթերթիկին կից թղթերի վրա, որը լուրջ խախտում է. եւ դրանով իրենք կարող են իրենց ուզած դիմորդի աշխատանքի վրա փոփոխություններ անել: Մենք պահանջեցինք մեր աշխատանքները, որպեսզի տեսնեինք մեր սխալները, սակայն հրաժարվեցին տրամադրել` ասելով, որ տպիչ չունեն»,-դժգոհեց Էդվարդ Հարությունյանը:

Դիմորդները իրենց պահանջները ԳԹԿ եւ Կրթության եւ գիտության նախարարություն են ներկայացրել դիմումով:

ՀՃՇՊՀ պրոռեկտոր Եղիազար Վարդանյանը NEWS.am-ի հետ զրույցում հերքեց, որ հունիսի 29-ին գծագրության քննության ընթացքում նման խնդիրներ են առաջացել, նա ասաց, որ ամեն ինչ տեղի է ունեցել օրենքով հաստատված կարգով։

«Ցանկացած մասնագետի, որը հասկանում է գծագրությունից, մենք կարող ենք ապացուցել, որ բոլոր տոմսերը կազմված են ուղեցույցին համապատասխան»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց Եղիազար Վարդանյանը:

Տպել
Ամենաշատ