News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Դատելով պաշտոնական տվյալներից՝ մեր արդյունաբերությունում ոչ միանշանակ իրավիճակ է ստեղծվել: Ընդհանուր ցուցանիշն աճել է ընդամենը խորհրդանշական՝ 0.2%-ով: Արտադրանքի ֆիզիկական ծավալի զգալի անկում է արձանագրվել լեռնահանքային արդյունաբերությունում եւ բաց հանքերի մշակման ոլորտում (6.0%-ով), ինչպես նաեւ վերամշակող արդյունաբերության առանձին ճյուղերում:

Այս ֆոնին դրականորեն առանձնանում է ծխախոտի արդյունաբերությունը, որտեղ արտադրանքի ֆիզիկական ծավալն աճել է մեկ երրորդով (33.5%-ով)՝ շնորհիվ արտադրանքի արտահանման շարունակական աճի: Ծխախոտային արտադրատեսակների տեսակարար կշիռը հայրենական արդյունաբերության արտադրանքի ընդհանուր ծավալներում հաշվետու ժամանակաշրջանում համեմատաբար բարձր է՝ 5.4%: Համեմատության համար նշենք. քիմիական արդյունաբերության արտադրանքի մասնաբաժինը կազմել է 0.6%, իսկ ոսկերչական արտադրանքինը՝ 1.1%:

Տարեկան կտրվածքով գյուղատնտեսության եւ ձկնաբուծության համախառն արտադրանքի ֆիզիկական ծավալները հունվար-մայիսին աճել են 6.2%-ով: Ընդ որում, հատկապես առանձնացել է ձկնորսությունը (որն արտահայտվում է հիմնականում ձկնաբուծական տնտեսություններով), որի արտադրանքի ծավալները աճել են 20.0%-ով: Բայց հաշվի առնելով ոչ մեծ տեսակարար կշիռը (բազային շրջանում՝ 5.6%), վերը նշված 6.2%-ում ոլորտի ընդհանուր ցուցանիշի աճի մեջ ձկնաբուծության ազդեցությունն այնքան էլ զգալի չէ. ընդամենը 1.1%:

Ավելի ազդեցիկ է եղել անասնաբուծության ներդրումը, որն ապահովել է գյուղատնտեսության համախառն արտադրանքի ընդհանուր աճի 3.6%-ը (ներառյալ ձկնաբուծությունը): Հաշվի առնելով բուսաբուծության սեզոնայնությունը՝ հունվար-մայիսին անասնաբուծության մասնաբաժինը բավական բարձր է (74.2%՝ հաշվետու ժամանակաշրջանում): Միաժամանակ, ձկնաբուծությունը, այս ոլորտում գոյություն ունեցող խնդիրները հաղթահարելու դեպքում, վատ հեռանկարներ չունի՝ արտադրանքի արտահանման ծավալների աճի տեսանկյունից:

Հաշվետու ժամանակահատվածում շինարարությունը նույնպես զուտ խորհրդանշական աճի տեմպեր է գրանցել. տարեկան կտրվածքով՝ ընդամենը 0.5%: Կրճատվել են պետբյուջեի միջոցների (4.1%-ով) եւ համայնքային միջոցների հաշվին (57.9%-ով) շինարարության ծավալները: Միաժամանակ, աճել է միջազգային վարկերի հաշվին աշխատանքի ծավալը (գրեթե 1.7 անգամ):

Բայց ներկայում այս ոլորտում առաջատար են այն կազմակերպությունները, որոնց մասնաբաժինը շինարարության ընդհանուր ցուցանիշում հաշվետու ժամանահատվածում աճել է մինչեւ 53.0%, իսկ աշխատանքի ծավալի աճի տեմպերը կազմել են 13.0%: Արդեն նախկին առաջատարը՝ «բնակչությունը», շինարարական աշխատանքների ծավալները կրճատել է 22.8%-ով, ինչի արդյունքում ընդհանուր ցուցանիշում տեսակարար կշիռը կրճատվել է մինչեւ 22.4%:

Հայտնի է, որ տնտեսության եւ հասարակության մեջ ճգնաժամային երեւույթների եւ ոչ բարեկեցիկության ցուցիչ է համարվում հանցավորության դինամիկան: Պաշտոնական տվյալներով, հաշվետու ժամանակահատվածում իրավախախտների թիվը երկրում տարեկան կտրվածքով աճել է 628 միավորով կամ 9.3%-ով:

Ընդ որում, քաղաքացիների անձնական գույքի հափշտակման գրանցված դեպքերի թիվը աճել է 331 միավորով կամ 14.0%-ով: Դրանց թվում ակտիվ տեմպերով աճել է բնակարանային գողությունների թիվը. 189 դեպք կամ 34.4%:

Սմբատ Գրիգորյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ