News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Եթե դատենք կարեւորագույն էներգակիրների սակագներով (էլեկտրաէներգիա եւ բնական գազ), մեր հասարակությունն ամբողջությամբ ներկայացված է որպես միջին դաս: Այլ կերպ ինչպե՞ս բացատրել «հարթ» դրույքաչափերը: Ստացվում է, որ բոլոր քաղաքացիները՝ անկախ եկամուտների մակարդակից, սակագների նույն բեռն են կրում:

Բոլորին է հայտնի, որ բնական գազի եւ էլեկտրաէներգիայի մատակարարման ոլորտի ձեռնարկությունները (գումարած էլեկտրաէներգիա արտադրող բազմաթիվ կայաններ) ռուսական ընկերությունների սեփականությունն են: Սակայն նույն Ռուսաստանում սակագների հարցում մոտեցումը բոլորովին այլ է: Օրինակ՝ նախատեսված է, այսպես կոչված, «էլեկտրաէներգիայի օգտագործման սոցիալական նորմ», որն այդ սահմանափակման շրջանակում համեմատաբար ցածր սակագին է նախատեսում:

Մտածել, որ մեզ մոտ ամեն ինչի մեղավորը մենաշնորհատերերն են, չափազանց միամիտ կլիներ: Պետության գործառույթներից մեկը՝ ի դեմս կառավարության եւ կարգավորող մարմինների, հենց մենաշնորհի եւ սպառողների շահերը հավասարակշռելն է: Իսկ մեզ մոտ «կարգավորողը», դատելով սակագների կայուն աճով, միայն բիզնեսի շահերն է պաշտպանում: Իհարկե, կարիք չկա չափազանցնել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի դերը: Ինչ նրան «վերեւից» թելադրում են, այդ էլ հնազանդորեն կատարում է:

Ասվածը վերաբերում է ոչ միայն բնական մենաշնորհների ոլորտին: Մրցակցային շուկաների պարագայում նույնպես գները կանոնակարգելու բազմաթիվ մեթոդներ կան: Ընդ որում, նման բան գոյություն ունի ոչ «աղքատ» պետություններում, այլ միանգամայն բարեկեցիկ, հզոր միջին դաս ունեցող երկրներում:

Օրինակ՝ Գերմանիայում ավելացված արժեքի հարկը (ԱԱՀ) կտրուկ տարբերակված է: Սոցիալական նշանակություն ունեցող ապրանքների եւ ծառայությունների համար ցածր ԱԱՀ է սահմանվում, մնացած դեպքերում՝ բարձր: Առավելագույն եւ նվազագույն դրույքաչափերի միջեւ տարբերությունը կարող է 12 տոկոսային կետ կազմել:

Առավելագույն եւ նվազագույն դրույքաչափերը որոշելու հիմք կարող է հանդիսանալ ընտանիքների, ընկերության բաժանորդների հետազոտության ընթացքում ստացված տեղեկությունը: Ի դեպ, սակագնի օպտիմալ տարբերակումը թույլ կտա չկրճատել ընկերության եկամուտները, այնպես որ նրանք չեն սնանկանա: Միաժամանակ, էլեկտրաէներգիայի (նաեւ բնական գազի) համար բնակչության անապահով խավի ծախսերը կկրճատվեն՝ պահպանելով օգտագործման մակարդակը:

Սակայն միայն «ցանկություն» է հարկավոր՝ սակագների հարցում այդ ոչ պակաս կարեւոր բարեփոխումն իրականացնելու համար: Իսկ ժամանակը վաղուց է հասունացել եւ հիմա, սակագնի անխուսափելի բարձրացման հետ կապված, առավել արդիական է դարձել:

Սմբատ Գրիգորյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ