News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 04
Տեսնել լրահոսը

Դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ վթարից տուժած Տաթեւիկ Հակոբյանը  քրոջ եւ երկու եղբայրների հետ նստած է եղել «ՎԱԶ 2121» մակնիշի մեքենայի հետեւի նստարանին, եւ չի լսել որեւէ խոսակցություն այն մասին, որ իրենց մեքենան անսարք է: Այս մասին, այսօր՝ հուլիսի 4-ին, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ցուցմունք տալիս ասաց տուժող Տաթեւիկ Հակոբյանը:

«Ես հիշում եմ, որ գնում էինք, պապան, չգիտեմ ինչի, մեքենան հողածածկ գոտում կայանեց, էդ ժամանակ մեզ նա բան չասեց, ու դրանից հետո՝ ակնթարթներ հետո վթարը եղավ: Դեպքը վայրկյանների ընթացքում է տեղի ունեցել, մինչեւ տասը վայրկյանը:  Պապայիս (Արթուր Հակոբյան- խմբ.) հետեւում ես էի նստած, կողքիս՝ քույրս, նրա կողքին՝ հարազատ եղբայրս, նրա կողքին էլ՝ հորեղբորս տղան: Մենք շատ ցածր արագությամբ էինք գալիս: Ես մեքենայի ընթացքին չեմ հետեւել, հեռախոսով եմ զբաղվել»,- պատմեց Տաթեւիկ Հակոբյանը:

Տաթեւիկ Հակոբյանն ասաց, որ չի հիշում, թե ով եւ ինչպես է իրեն մեքենայից դուրս հանել. «Վթարից հետո հիշում եմ՝ արթնացել եմ շտապօգնության մեքենայի մեջ, եղբայրս էլ կողքիս էր պառկած»:

Տուժողը հերքեց Նիկոլայ Բաղդասարյանի առաք քաշած այն վարկածը, որ իրենց մեքենայի ուղեւորներից մեկը (ենթադրաբար՝ Էմմա Հակոբյանը) մեքենայում առջեւի նստարանների արանքում, դեմքով դեպի հետեւի նստարանն է նստած եղել:

«Պապան չի ասել, որ մեքենան անսարք է, առանց մեզ ասելու կանգնել է, չհասցրեցինք էլ ասել՝ ինչի՞ ենք կանգնել: Մեքենայի կողային հայելիներն էլ տեղում են եղել։ Որեւէ մեկը մեքենայում թարս նստած չի եղել»,- ասաց Տաթեւիկ Հոկոբյանը:

Նշենք, որ Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը ապացույցների հետազոտման փուլում միջնորդել էր որպես ապացույց գործում ներգրավել հոկտեմբերի 23-ին NEWS.am-ում հրապարակված տեսագրությունը, որում Էմմայի ընկերուհին՝ Սիրանույշ Տռուզյանը, փոխանցելով Էմմա Հակոբյանի պատմածը, ասում էր. «Դեպքի օրը Էդգարը, Էդուարդն ու Տաթեւիկը նստած են եղել «ՎԱԶ 2121» մակնիշի մեքենայի հետեւի նստարանին։ Էմման՝ Էդգարի քույրը, նստել էր դիմացը՝ հոր եւ հորեղբոր արանքում՝ դեմքով դեպի եղբայրները»:

Տուժող Տաթեւիկ Հակոբյանի հարցաքննության ավարտից հետո դատական նիստը հետաձգվեց: Հաջորդ նիստը նշանակվեց հուլիսի 18-ին:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզարակացության, Վարդան Պետրոսյանը 2013թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 22:10–ի սահմաններում, Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի կողմից դեպի Երեւան ուղղությամբ վարելիս «ԲՄՎ-320» մակնիշի մեքենայով բախվել է կայանած «Վազ 21214» մակնիշի մեքենայի հետնամասին։ Վթարի հետեւանքով «Վազ-21214» մակնիշի մեքենայի ուղեւորներ էդվարդ եւ էդգար Հայկի Հակոբյանները մահացել են, ուղեւորներ Տաթեւիկ Հակոբյանը, Հայկ Հակոբյանը, էմմա Հակոբյանը, ինչպես նաեւ վարորդ Արթուր Հակոբյանն ստացել են վնասվածքներ: Վարդան Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «Ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը,  որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ»։

Տպել
Ամենաշատ