News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Խորհրդային հակասական գործիչ Անաստաս Միկոյանի արձանի տեղադրելու հարցը դեռ օրակարգից չի հանվել, սակայն այս պահին Երեւանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանն առաջնային է համարում Գարեգին Նժդեհի եւ Կարեն Դեմիրճյանի արձանների տեղադրումը:

«Անաստաս Միկոյանի արձանի տեղադրումն օրակարգից չի հանվել, փոքր-ինչ պասիվ սպասողական վիճակ է: Բազմաթիվ զրույցներ եղան, բազմաթիվ պատկերացումներ փոխվեցին, սակայն իմ համոզմունքը, որ նրա արձանը պետք է տեղադրվի, ավելի ամրապնդվեց իմ մեջ: Ամեն դեպքում սա համազգային խնդիր է: Այս պահին կարեւորագույն է Նժդեհի եւ Դեմիրճյանի արձանների տեղադրումը»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց գլխավոր ճարտարապետը:

Նրա խոսքով՝ Գարեգին Նժդեհի արձանի հետ կապված որոշակի խնդիրներ կան. այս պահին քննարկվում է հովանավորի հարցը, տեղադրումը, դիրքը, բարձրությունը:

«Նժդեհի արձանն ինչպես ի սկզբանե ասվել էր, տեղադրվում է կառավարության 3-րդ շենքի դիմաց: Հնարավոր է՝ արձանի դիրքն ու հայացքը վերանայենք՝ ավելի լավն անելու նկատառումով: Այնուամենայնիվ, արձանի գիպսից եւ կավից տարբերակներն արդեն կան: Թե երբ արձանը կտեղադրվի եւ բացումը կլինի, հստակ ժամկետներ չկան: Ինչ վերաբերվում է Դեմիրճյանի արձանին, ապա այս հարցը կարող ենք լուծված համարել: Հովանավորն արդեն կա, արձանի էսքիզը կա: Ով որ տեսել է, հավանել է այն»:

Նշենք, որ քաղաքապետարանի որոշմամբ Միկոյանի արձանը տեղադրվելու է Իսահակյան-Կորյուն փողոցների միջանկյալ պուրակում: Հակասական գործչի կիսանդրին տեղադրելու մասին՝ հանրության դժգոհության պատճառ դարձած այս որոշումը ընդունվել է ավագանու ապրիլի 30-ի նիստում, նախագծի հեղինակը Երեւանի գլխավոր ճարտարապետն է` Տիգրան Բարսեղյանը:

Տպել
Ամենաշատ