News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Այնպիսի տպավորություն է, կարծես Հայաստանը մեղավոր է, որ Եվրասիական տնտեսական միության մեջ չէ որպես հիմնադիր-երկիր, եւ որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունն անընդհատ հետաձգվում է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր Վահրամ Աթանեսյանը՝ մեկնաբանելով ԵվրԱզԷս-ի ինստուտի տնօրեն Վլադիմիր Լեպյոխինի հայտարարությունն այն մասինկ որ Հայաստանը ԵՏՄ-ի հիմնադիր-երկիր չդարձավ Լեռնային Ղարաբաղի հարցում Երեւանի կոշտ դիրքորոշման պատճառով:

«Ինձ համար ակնհայտ է մեկ բան. մայիսի 29-ին Աստանայում Հայաստանը չդարձավ Եվրասիական տնտեսական միության հիմնադիր-երկիր, եւ դրանով ամեն ինչ ասված է: Մնացյալ ամեն ինչ պոստֆակտում բացատրություններ եւ արդարացումներ են, որոնք ռուսական քաղաքական միջին կամ ցածր օղակի պաշտոնատար անձինք հնչեցնում են հայկական լսարանի համար»,- ասաց Վահրամ Աթանեսյանը:

Պատգամավորը նշեց, որ ծանոթացել է ռուս լրագրող Դմիտրի Կիսիլյովի հոդվածին, որտեղ ասվում է, որ «Գարեգին Նժդեհի հերոսացումը, ով Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ համագործակցել է ֆաշիստների հետ, վիրավորական է Ռուսաստանի քաղաքացիների համար»:

«Եթե Հայաստանին առաջադրվել են պայմաններ, որ երկիրը պետք է հրաժարվի իր ազգային հերոսներից, այդ դեպքում, կարծում եմ, Եվրասիական տնտեսական միությունն այն կազմակերպությունը չէ, որին Հայաստանը պետք է անդամակցի: Գարեգին Նժդեհին քննադատում էին կոմունիստները, հիմա նրան քննադատում եւ ֆաշիստների հետ նրա համագործակցության մասին խոսում է ռուսական առաջատար լրատվական գործակալության ղեկավարը, ով փաստացի արտահայտում է պաշտոնական շրջանակների տեսակետը: Այս դեպքում ասել, որ Հայաստանի դիրքորոշումը կոշտ է եղել, կարծում եմ՝ անտրամաբանական է: Այսինքն՝ ինչպե՞ս, Հայաստանը պետք է հայտարարի, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանին է տալիս, որպեսզի անդամակցի՞ Եվրասիական տնտեսական միությանը»,- վրդովվեց Վահրամ Աթանեսյանը:

Նրա խոսքով, հարկավոր է սպասել այդ կազմակերպությանը Հայաստանի անդամակցության գործընթացի հետագա փուլերին, այլ ոչ թե թեման սրել այնքան, կարծես Հայաստանի համար այդ ճակատագրական որոշում է:

«Ի վերջո, Հայաստանն առանց Մաքսային եւ Եվրասիական տնտեսական միություններին միանալու էլ 1991 թվականից անկախ պետություն է: Ներկայում հայկական դիվանագիտությունը միտված է ղարաբաղյան հակամարտության հարցով հնարավորինս բարենպաստ որոշում գտնելուն՝ շեշտադրելով Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչումը»,- նշեց պատգամավորը՝ ընդգծելով, որ առանց Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու էլ Հայաստանը կարող է լուծել իր խնդիրները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ