News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Դերասան Կարեն Մկրտչյանը բուժման հիմնական կուրսն ավարտել է եւ չորս ամիս անց Գերմանիայից վերադարձել է Հայաստան։ Դերասանն իրեն լավ է զգում, քայլում է, խոսում առանց դժվարության եւ պատրաստվում վերադառնալ աշխատանքի։

«Դեռ բուժման մի փուլ էլ ունեմ ու հոկտեմբերին Գերմանիա եմ մեկնելու նորից։ Կշարունակեմ իմ մասնագիտությամբ աշխատել, ներկայացումներ եմ գրել եւ գրում, ֆիլմ եմ պատրաստվում նկարահանել»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Կարեն Մկրտչյանը։

Նրա խոսքով՝ իր հետ պատահածը շատ բան փոխեց իր կյանքում։

«Շատ մտածելու բաներ տվեց ինձ այս ամենը, շատ մեծ սեր տեսա ու ապրեցի, կյանքը կարծես կրթում, դաստիարակում է քեզ»,- ասաց դերասանը։

Դերասանը շնորհակալություն հայտնեց Հայաստանում եւ Եվրոպայում ապրող բոլոր նրանց, որոնք օգնել եւ աջակցել են իրեն դժվար պահին, բայց լրատվամիջոցներին խնդրեց իր մասին գրելիս պատահարը ճիշտ ներկայացնել. իրեն ոչ թե ծեծել են, այլ մեկ անգամ հարվածել իրենց շենքի մուտքում։

«Կամ գրում են սերիալային դերասան. ես գիտեմ, որ ես մասնագիտությամբ դերասան եմ, իսկ թե որտեղ կնկարահանվեմ, դա արդեն կարեւոր չէ»,-ասաց Կարեն Մկրտչյանը։

Դերասանն ասաց, որ երախտապարտ է բոլոր նրանց, ովքեր աջակցել են իրեն ֆինանսապես ու հոգեպես։

«Բառեր չեմ գտնում շնորհակալությունս հայտնելու բոլոր այն մարդկանց, որոնք օգնեցին ու աջակցեցին ինձ։ Եվրոպայում էլ ընկերներ ձեռք բերեցի, որոնք առաջին օրվանից մեր կողքին էին, անբացատրելի լավ, դրական մարդիկ, որոնք միշտ օգնեցին։ Վարդանը, որ այս ամբողջ ժամանակ իմ կողքին էր, մի անբացատրելի երեւույթ էր, կարծես մի սյուն լիներ իմ կողքին»,-ասաց դերաասանը։ Նշենք, որ դերասանը Գերմանիա էր մեկնել իր ընկերոջ Վարդան Արզումանյանի հետ, որն այս չորս ամիսների ընթացքում նրա կողքին է եղել։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Եզրագծից այն կողմ» եւ մի շարք այլ ֆիլմերում նկարահանված, «32 ատամ» ակումբի, թիվ 32 թատրոնի դերասաններից Կարեն Մկրտչյանին դեկտեմբերի 26-ին հոսպիտալացրել էին «ուղեղի ցնցում» ախտորոշմամբ։ Նա հարձակման էր ենթարկվել իրենց շենքի բակում անհայտ անձի կողմից։ Դեպքից հետո ամիսներ շարունակ, նա գտնվում էր անվասայլակին, խոսքի եւ հենաշարժողական ապարատի խնդիրներ ուներ։ Հայաստանով մեկ սկսվեց դրամահավաք, որի օգնությամբ դերասանը կարողացավ մեկնել Գերմանիա՝ բուժվելու։

Տպել
Ամենաշատ