News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


2013թ. մարտի 3-ին դանակի 13 հարվածից սպանված Քյարամ Ավդոյանի գործով հերթական դատական նիստին այսօր՝ հուլիսի 9-ին, Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավորը տուժողի մորը՝ Գյոզալ Շավեշյանին արգելել է մասնակցել դատական նիստին։ Գյոզալ Շավեշյանն իր հարազատների հետ դատավճռի հրապարակմանը սպասում է դատարանի շենքի բակում։ Գյոզալ Շավեշյանի դուստրը՝ Զոյա Ավդոյանը, NEWS.am-ին պատմեց, որ իր մորը դատական կարգադրիչները քաշքշելով են դուրս բերել նիստերի դահլիճից։

«Դուրս բերեցին սեւազգեստ մորս, չթողեցին, որ մասնակցեր նիստին, քանի որ կարեւոր բաներ ուներ պատմելու»,-ասաց Զոյա Ավդոյանը։ Նրա խոսքով՝ մեղադրյալ Վլադիմիր Սիաբանդովն իրականում հոգեկան հիվանդություն չունի, ինչպես պնդում է պաշտպանական կողմը, իսկ  հոգեկան հիվանդության մասին փաստաթուղթը նրա ծնողները վաղուց ձեռք են բերել՝ նրան զինվորական ծառայությունից ազատելու համար։

«Էս դատական համակարգը հիմա էլ ուզում է նրան անմեղսունակ ճանաչի, չի լինի դա։ Մենք պահանջում ենք, որ նա արժանի պատիժ ստանա ու դատապարտվի»,- ասաց Զոյա Ավդոյանը։

Գյոզալ Շավեշյանը, որն իրեն վատ է զգում եւ այս պահին նստած է դատարանի բակում, հուզված ավելացրեց. «Էս պետություն չի, բալա ջան, ես բալա եմ կորցրել, եկել եմ դատի, իսկ պարոն դատավորը հրահանգեց ինձ ներս չթողնել։ Իմ տղուն զակազով են խփել, խփողին հովանավորում է Արթուր Ալոյանը, որն ապրում է Կիեւում։ Սիաբանդովի մայրն էլ մի անգամ ինձ ասել է, որ իրենք 100 հազար դոլար փող են տվել, որ իրենց որդին չնստի»։

Զոյա Ավդոյանը նշեց, որ Արթուր Ալոյանը մի առիթով իրենց ասել է, որ ինքն է մեղադրյալին հովանավորում։ Նա ասաց, որ եթե դատարանը անմեղսունակ ճանաչի ամբաստանյալին, իրենք կդիմեն դատական բոլոր ատյաններին, այնուհետեւ նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ 

Այժմ դատավորը խորհրդակցական սենյակում է, վճիռը շուտով կհրապարկվի։

Նշենք, որ անմեղսունակ ճանաչված Վլադիմիր Սիաբանդովին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «Ռիչի» բարի մուտքի մոտ վիճաբանել է Քյարամ Ավդոյանի հետ և դիտավորությամբ ծանր վնասվածք պատճառել, որի հետեւանքով Ավդոյանը մահացել է։

Տպել
Ամենաշատ