News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը հանդիպել է ամերիկյան Կալիֆորնիա նահանգի Գլենդեյլ քաղաքի համայնքի հետ եւ հանդես եկել հրապարակային մամուլի ասուլիսով: «Asbarez»-ի փոխանցմամբ, գրոսմայստերն առաջին այցը կատարել է Լոս Անջելես՝ հուլիսի 9-13-ը շախմատային ճամբար անցկացնելու համար:

Քաղաքային դպիր Արտաշես Քասախյանն Արոնյանին ներկայացրել է լսարանին՝ նշելով, որ համայնքի անդամները շատ ուրախ են նրա այցելության համար: Համայնքի անունից Քասախյանն Արոնյանին գովաբանել է շախմատի բնագավառում «Հայաստանի դեսպանը» լինելու համար: Իսկ Գլենդեյլի քաղաքապետ Զարեհ Սինանյանը շախմատի աշխարհի չեմպիոնին Գլենդեյլ քաղաքի կողմից ճանաչման մասին վկայական է հանձնել:

Արոնյանն ասել է, որ երջանիկ է Լոս Անջելեսում գտնվելու համար եւ զարմացած՝ Գլենդեյլում հայ համայնքի թվի առիթով: Նա նաեւ հավելել է, որ իրեն զգում է՝ ինչպես տանը: «Ես մեծ պատիվ եմ համարում իմ երկիրն աշխարհում ներկայացնելը»,- նշել է նա:

Արոնյանը պատմել է վերջերս Հայաստանի որդեգրած քաղաքականության մասին, ինչի արդյունքում շախմատը ներդրվել է որպես դպրոցական պարտադիր առարկա: Գրոսմայստերն այս քաղաքականությունը նորարարական քայլ է անվանել: Նա բացատրել է, որ շախմատը բարձրացնում է աշակերտների կրթության արժեքը, քանի որ ստիպում է խորը մտածել եւ ջանասիրության ու համբերատարությամբ խորամուխ լինել ինտելեկտուալ փնտրտուքներում: «Եթե բոլոր երկրների դպրոցներում շախմատ դասավանդեին, կարծում եմ՝ աշխարհն ավելի լավը կլիներ»,- ասել է Արոնյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ