News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Պահեստազորի գնդապետ, խարդախության մեջ մեղադրվող Վոլոդյա Ավետիսյանի գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հուլիսի 17-ին, նույն օրը կհրապարկվի նաեւ դատավճիռը: Այս մասին այսօր` հուլիսի 9-ին, NEWS.am-ին ասաց Վոլոդյա Ավետիսյանի փաստաբան Արա Զաքարյանը:

Անդրադառնալով այն բանին, որ դատախազը Վոլոդյա Ավետիսյանի համար 6 տարի 6 ամիս ազատազրկում է պահանջել, փաստաբանը նշեց, որ այս գործով դատավճիռը կախված է իշխանության դիրքորոշումից:

«Դատական պրակտիկայում ընդունված է, որ դատավորը տալիս է այնքան, ինչքան դատախազն է պահանջում` 1 տարի իջեցնելով: Բայց եւ լինում են դեպքեր, որ դատավորը նույնչափ է տալիս: Այս դեպքում վճիռը կախված կլինի իշխանության դիրքորոշումից, որովհետեւ նմանատիպ գործերով, ցավոք սրտի, ոչ թե դատավորներն են որոշում, այլ դատավորներին արդեն իսկ հրամցնում են, թե ինչ դատավճիռ կայացնեն: Ես չեմ բացառում որ դատավորը 5 տարուց ոչ ավելի տա եւ համաներման կիրառմամբ բաց թողնի, նաեւ չեմ բացառում, որ 5 տարուց ավելի տա, որպեսզի այդ պատիժը հետագայում Վերաքննիչում նվազեցվի, եւ համաներման ակտի կրառմամբ ազատվի պատժի կրումից»,-ասաց Արա Զաքարյանը:

Նշենք, որ հուլիսի 7-ին պետք է հրապարակվեր Վոլոդյա Ավետիսյանի գործով դատավճիռը, սակայն այն անորոշ ժամկետով հետաձգվեց  դատավոր Լեւոն Ավետիսյանի հիվանդ լինելու պատճառաբանությամբ։

Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանը մեղադրվում է խարդախության համար։ Ըստ նրան առաջադրված մեղադրանքի՝ նա 2000 դոլար կաշառք է վերցրել Հենրիկ Զաքարյանից՝ նրա թոռանը ժամկետային  ծառայությունից ազատելու համար, եւ 500 դոլար է պահանջել Ալբերտ Մաթոսյանից նրա որդուն զորամասում համակարգչային օպերատոր նշանակելու հարցը լուծելու համար։ Վոլոդյա Ավետիսյանը հերքում է մեղադրանքը։ Նա եւ իր մարտական ընկերները կարծում են, որ սա քաղաքական հետապնդում է պահեստազորի գնդապետի դեմ՝ իրենց սոցիալական պայմանները բարելավելու նպատակով ազատամարտիկների բողոքի շարժումը ղեկավարելու համար։ Մեղադրողը նրա համար 6 տարի 6 ամիս ազատազրկում է պահանջել։

Տպել
Ամենաշատ