News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Նոյեմբերի 5-ի գործով առգրավված ապացույցները դատարան կիսատ են բերվել միտումնավոր, որպեսզի կարողանան հասատատել «ոստիկանների շառը»: Այսօր՝ հուլիսի 9-ին, Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում Նոյեմբերի 5-ի գործով դատական նիստին նման հայտարարություն արեց ամբաստանյալ Շանթ Հարությունյանը, երբ դատարանը հետազոտեց ամբաստանյալների մեղադրանքը հիմնավորելու համար ներկայացված իրեղեն ապացույցները:

Շանթ Հարությունյանը նկատեց, որ այս իրեղեն ապացույցների մեջ չկա այն զրահաբաճկոնը, որը նա դեպքի օրը Ազատության հրապարակում հագցրել էր որդուն՝ գործով մեղադրյալ, անչափահաս Շահեն Հարությունյանին:

Դատավորը ամբաստանյալի այդ դիտարկմանը ի պատասխան ասաց. «Մենք այս փուլում չենք հետազոտում դրանք, դա պաշտպանական կողմի միջնորդությամբ միջնորդությունների փուլում կհետազոտենք, եթե գտնեք, որ դա պաշտպանության կողմի համար ապացույց ճանաչելու հարց է։ Զրահաբաճկոնը եւ եւս այլ իրեր գտնվում են դատարանում»:

Շանթ Հարությունյանը, սակայն, վստահ է, որ զրահաբաճկոնը դատարան չի բերվել միտումնավոր.

«Զրահաբաճկոնը իրեղեն ապացույց չեն համարել որովհետեւ ծիծաղելի կլիներ, Գասպարյան Վովայից սկսած ամբողջ ոստիկանությունը առնվազն դեբիլ ա, եթե զրահաբաճկոնը բերեն, ասեն՝ սրանով բռնություն  են գործադրել: Չեն բերել, որովհետեւ խնդիր կառաջանա՝ ումից եք պաշտպանվում ու ինչի համար:»:

Դատավորն ամբաստանյալին ասաց, որ նա վիրավորական արտահայտություններ է թույլ տալիս  եւ  նրա նկատմամբ նախազգուշական դատական սանկցիա կիրառեց, ինչին ի պատասխան Շանթ Հարությունյանը ասաց. «Անգամ, որ վահանը հանում են զինվորի ձեռքից, դառնում ա, որ նա հարձակման խնդիր ա լուծում: Ես չասեցի, որ նա դեբիլ ա, եթե ասեի՝ դեբիլ ա, ես այդ ժամանակ կբացատրեի, որ դա վիրավորանք չի, այլ բժշկական տերմին ա»:

Շանթ Հարությունյանի խոսքով, զրահաբաճկոնի առկայությունը փաստում է,որ իրենք պաշտպանվել են, եւ նախապես իմացել են, որ պաշտպանվելու խնդիր է լինելու:

«Մենք մահակներ ենք վերցրել, եթե կարողանայի զրահաբաճկոնով բոլորին ապահովել, բոլորին կառնեի: Ես փող չկարողացա ճարել. ուզում էի էլեկտրաշոկ էլ առնել»:

Ամբաստանյալ Հարությունյանը ասաց, որ ցանկանում է աշխարհայացքային փոփոխություն անել, քանի որ միայն նման հեղափոխությունն է հավանական համարում:

«Հայաստանում 1900 տարի է՝ բարձր արժեքները արժեզրկված են: Մեր մեջ մի խոսք կա, չէ՞, «ճիշտն ասողի ձին պետք ա թամբած լինի», ու ես էդ լսել եմ՝ մշակույթի նախարար էլ ա ասող եղել, փոխնախարար ա ասող եղել: Ու ես մտածում եմ աշխարհայացքային հեղափոխություն է անհրաժեշտ, ոչ թե քաղաքական, սոցիալական: Էդ խոսքը իրականում հակառակն ա՝ ճշմարտություն ասողը պետք է զրահաբաճկոնով լինի,  թրով լինի, փետով լինի, կռվի պատրաստ լինի, որ կարողանա բռունցքներով պաշտպանի իր ճշմարտություն: Իսկ մյուս դեպքում նշանակում է ՝ ճիշտը նստեցիր, փախար, այսինքն՝ եթե ձի չունես, չես կարա ճիշտը մասսայում ասես»,- ասաց Շանթ Հարությունյանը:

Նոյեմբերի 5-ի գործով դատական հաջորդ նիստը նշանակվեց հուլիսի 11-ին։

Հիշեցնենք, որ «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանը 2013թ. նոյեմբերի 5-ին, իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել դեպի նախագահի նստավայր։ Սակայն ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների, այդ թվում՝ Շանթ Հարությունյանին եւ նրա որդուն։ Բախումների հետեւանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում ութ ոստիկան: Այս գործով մեղադրանք էր առաջադրվել 14 քաղաքացիների, այդ թվում Շանթ Հարությունյանին եւ նրա անչափահաս որդուն: Շանթ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանությանը):

Տպել
Ամենաշատ