News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հուլիսի 9-ին մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պետական այցը Ուրուգվայի Արեւելյան Հանրապետություն:

Մինչ նախագահ Խոսե Մուխիկայի հետ հանդիպումը, Սերժ Սարգսյանն այցելել է Անկախության հրապարակ, ծաղկեպսակ դրել գեներալ Խոսե Արտիգասի հուշարձանին եւ հարգանքի տուրք մատուցել:

Հայաստանի եւ Ուրուգվայի նախագահները քննարկել են միջպետական կապերի ամրապնդմանն ու համագործակցության զարգացմանն ուղղված հարցերի լայն շրջանակ:

Երկու երկրների նախագահները ուրախությամբ են նշել, որ Հայաստանի եւ Ուրուգվայի միջեւ փոխադարձ հարգանքի եւ վստահության հիման վրա ձեւավորվել են ջերմ բարեկամական հարաբերություններ: Այդ հարաբերությունները, ըստ Հայաստանի եւ Ուրուգվայի նախագահների, դրսեւորվում են տարբեր բնագավառներում փոխգործակցության երկուստեք պատրաստակամությամբ ու միմյանց խնդիրների հանդեպ ցուցաբերվող առանձնակի վերաբերմունքով: Հանդիպմանը ՀՀ նախագահն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է Ուրուգվայի հետ համընդգրկուն օրակարգի զարգացմամբ՝ քաղաքական, առեւտրատնտեսական, մշակութային եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում եւ պատրաստակամ՝ այդ նպատակին ուղղորդելու անհրաժեշտ ջանքեր:

Հայ-ուրուգվայական համագործակցության զարգացման գործում զրուցակիցները կարեւորել են փոխադարձ այցելությունների, երկու երկրների արտաքին գերատեսչությունների միջեւ պարբերական շփումների անհրաժեշտությունը, ինչը հնարավորություն է ընձեռում ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի հետ կապված առավել արդյունավետ աշխատանք իրականացնել: Այդ համատեքստում Նախագահ Սերժ Սարգսյանը կարեւորել է 2012թ. մայիսին Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Լուիս Ալմագրոյի եւ ներկայացուցիչների պալատի նախագահ Խորխե Օռիկոյի նոյեմբերին կայացած այցերն ու Ուրուգվայի զբոսաշրջության եւ սպորտի նախարար, մեր հայրենակցուհի Լիլիամ Քեշիշյանի՝ անցյալ տարի նոյեմբերին Երեւան կատարած այցը:

Հայ-ուրուգվայական հարաբերությունների խորացման համատեքստում զրուցակիցները կարեւորել են նաեւ իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը եւ ուրախությամբ փաստել, որ ՀՀ նախագահի այցի շրջանակներում երկու երկրների իրավապայմանագրային բազան կհամալրվի մի քանի նոր կարեւոր համաձայնագրերով:

Անդրադառնալով բազմակողմ համագործակցությանը՝ նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Խոսե Մուխիկան կարեւորել են արդյունավետ փոխգործակցությունը նաեւ միջազգային կազմակերպությունների շրջանակներում:

Երկու երկրների նախագահները համակարծիք են եղել, որ հայ-ուրուգվայական հարաբերությունների զարգացմանը, անշուշտ, մեծապես նպաստում է Ուրուգվայի հայ համայնքը, որը պատմության տարբեր ժամանակահատվածներում բնակություն է հաստատել Ուրուգվայում եւ ակտիվ մասնակցություն ունի երկրի հասարակական, քաղաքական կյանքում եւ իր համեստ նպաստն է բերում բարեկամ Ուրուգվայի զարգացմանը:

Հայաստանի եւ Ուրուգվայի նախագահները կարեւորել են նաեւ այն հանգամանքը, որ երկու երկրների մոտեցումներն ու դիրքորոշումները համամարդկային նշանակության հարցերի շուրջ համահունչ են: Դրա վառ ապացույցը, ըստ նախագահ Սերժ Սարգսյանի, այն է, որ դեռեւս 1965թ. աշխարհում առաջինը ճանաչելով Հայոց ցեղասպանությունը` Ուրուգվայը կանգնել է արդարության պաշտպանի հարթակին` շահելով համայն հայության անմնացորդ համակրանքն ու հարգանքը` որպես անկեղծ եւ հուսալի բարեկամ: Սերժ Սարգսյանի խոսքով, հայ ժողովրդի եւ համայն մարդկության դեմ գործած այս ծանրագույն ոճրի ճանաչման եւ դատապարտման գործում Ուրուգվայը կատարել է, թերեւս, ամենածանրակշիռ ներդրումը:

Հանդիպման ավարտին ստորագրվել են մի շարք ոլորտներում երկու երկրների միջեւ համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթեր: Մասնավորապես՝ ստորագրվել են Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության կառավարության միջեւ տնտեսական համագործակցության մասին համաձայնագիր, Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության կառավարության միջեւ սովորական անձնագրերի դեպքում մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին համաձայնագիր, Հայաստանի Հանրապետության եւ Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության միջեւ համագործակցության մասին շրջանակային համաձայնագիր եւ Հայաստանի Հանրապետության սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության, Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության զբոսաշրջության եւ սպորտի նախարարության միջեւ սպորտի բնագավառում համագործակցության մասին համաձայնագիր: Այցի արդյունքներով Հայաստանի եւ Ուրուգվայի նախագահները ստորագրել են համատեղ հայտարարություն:

Ուրուգվայի Հանրապետություն պետական այցի շրջանակներում նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել նաեւ Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության փոխնախագահ, Սենատի նախագահ Դանիլո Աստորիի հետ:

Հանդիպման սկզբում Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ ընդգծել, որ առանձնակի պատիվ է պետական այցով գտնվել Հայաստանի եւ հայ ժողովրդի բարեկամ Ուրուգվայում:

Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստանի եւ Ուրուգվայի միջեւ միջխորհրդարանական կապերի զարգացմանը: Երկուստեք մեծապես կարեւորվել է միջպետական հարաբերություններում խորհրդարանական դիվանագիտության դերը:

Զրուցակիցները մեծ դեր են վերապահել երկու խորհրդարաններում գործող բարեկամության խմբերին, որոնց ակտիվ գործունեությունը, փոխայցելություններն ու շփումները, նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության փոխնախագահ, Սենատի նախագահ Դանիլո Աստորիի համոզմամբ, կարող են զգալիորեն ամրապնդել երկկողմ բարեկամությունը:

Սերժ Սարգսյանը եւ Դանիլո Աստորին համոզվածություն են հայտնել, որ Հայաստանի նախագահի պետական այցը Ուրուգվայ արգասաբեր կլինի, եւ առաջիկայում հայ-ուրուգվայական միջխորհրդարանական համագործակցության օրակարգն ավելի կհարստանա:

Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության փոխնախագահ, Սենատի նախագահ Դանիլո Աստորին սիրով ընդունել է Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը այցելելու Հայաստան՝ նշելով, որ մեծ է ցանկությունը լինել իր բազմաթիվ ընկերների եւ բարեկամների հայրենիքում, որոնց հետ ունի ջերմ կապեր: Նա գոհունակությամբ է արձանագրել, որ Ուրուգվայի խորհրդարանում եւ Սենատի աշխատակազմում կան ծագումով հայեր, ովքեր իրենց նպաստն են բերում օրենսդիր աշխատանքին: 
Դանիլո Աստորին իր երկրի անունից առաջարկել է Հայաստանին Ուրուգվայը որպես դարպաս օգտագործել Հարավային Ամերիկայի տարածաշրջանի այլ երկրների հետ առեւտրատնտեսական կապեր զարգացնելու համար:

Պետական այցի շրջանակներում Հանրապետության նախագահն այցելել է Մոնտեվիդեոյում գտնվող «Հայաստան» հրապարակ: Նախագահը հարգանքի տուրք է մատուցել հրապարակի հարեւանությամբ տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ:

Ուրուգվայի Հանրապետություն այցի առաջին օրվա առավոտյան նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է նաեւ գյուղատնտեսական մեծ ներուժ ունեցող Ուրուգվայի «Կոնապրոլե» կաթնամթերքի արտադրական միավորում, որտեղ ՀՀ նախագահին ներկայացրել են արտադրանքի շուրջ 70 տոկոսն աշխարհի բազմաթիվ երկրներ արտահանող այդ գործարանի ամբողջ արտադրատեսականին, ծանոթացրել արտադրական հզորություններին:

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Մոնտեվիդեոյում հանդիպում կունենա նաեւ Ուրուգվայի Գերագույն դատարանի նախագահ դոկտոր Խորխե Լառիյո Ռոդրիգեսի հետ: Օրվա ավարտին ի պատիվ պետական այցով Ուրուգվայում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանի՝ Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության նախագահ Խոսե Մուխիկայի անունից կտրվի պաշտոնական ճաշ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ