News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

 «168 ժամ» թերթը գրում է. «ՕԵԿ-ը իր բարձրացրած հարցերով չի փայլում յուրօրինակությամբ։ Օրինակ, Արթուր Բաղդասարյանն ասում է, որ Ռուսաստանը Հայաստանին գազը վաճառում է շատ լավ գնով՝ 189 դոլար հազար խմ-ի դիմաց, եւ միայն սահմանն անցնելուց հետո է, որ գազը թանկանում է՝ դառնալով 391 դոլար։ Սրանով Բաղդասարյանը փորձում է ցույց տալ, որ Ռուսաստանը հայ ժողովրդի բարի կամեցողն է, իսկ նրա թշնամիները, հարստահարողները Հայաստանի ներսում են։ Այս իմաստով նա ամենեւին էլ օրիգինալ չէ, քանի որ այդ նույն քարոզն են անում իրենց ընդդիմադիր համարող խորհրդարանական քառյակի մաս կազմող կուսակցությունները։ Հայաստանում չկա մի քաղաքական ուժ, որը կկարողանա ասել, որ Ռուսաստանն՝ ի դեմս գազի տեղափոխմամբ եւ բաշխմամբ զբաղվող եւ պետական համարվող «Գազպրոմի» կամ Հայաստանում հոսանքի բաշխման մենաշնորհ ունեցող ՀԷՑ-ի, անընդհատ բարձրացնում են գազի եւ հոսանքի սակագինը, քանի որ նրանք Հայաստանը համարում են իրենց տիրույթը եւ աշխատում են որքան հնարավոր է՝ շատ փող աշխատել: Նման իրավիճակ հնարավոր է դարձել, քանի որ Հայաստանը կորցրել է իր ինքնիշխանությունը, եւ գազի եւ հոսանքի սակագները սահմանող Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ոչ թե անկախ է, ինչպես գրված է օրենքում, այլ կատարում է ռուսական ընկերությունների եւ դրանց ղեկավարների կամքը: Եվ եթե հայ հասարակությունն ուզում է ազատվել այդ պարտադրանքից, պետք է պայքարի Հայաստանի ինքնիշխանության վերականգնման համար, եւ ոչ թե գազի կամ հոսանքի թանկացման դեմ: Դրա մասին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ակադեմիայի խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը չի կարող խոսել, քանի որ նա ընդդիմություն է Հայաստանում, բայց միեւնույն ժամանակ՝ Հայաստանում ռուսական պաշտոնյա է»:


Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ