News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ադրբեջանը խախտում է Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագիրը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԳՆ սպառազինությունների եւ միջազգային անվտանգության վերահսկողության վարչության ղեկավար Սամվել Մկրտչյանը:

Արձանագրելով, որ Ադրբեջանի սպառազինությունների հիմնական մատակարարներից մեկը Ռուսաստանն է, ԱԳՆ ներկայացուցիչը հիշեցրեց, որ հայկական կողմն այդ փաստի առիթով արդեն ներկայացրել է իր գնահատականը: Միաժամանակ, Սամվել Մկրտչյանը նկատեց, որ 2007 թվականից Ռուսաստանի Դաշնությունը սառեցրել է Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի իրագործումը:

Ինչ վերաբերում է խախտումների փաստին, ապա հարցը պետք է ուսումնասիրեն պայմանագրի իրականացման հարցով մարմինները: «Ցավոք, պայմանագիրն իրավական մեխանիզմներ չի նախատեսում այն խախտող երկրների համար: Ամեն ինչ արտահայտվում է քաղաքական հայտարարությունների տեսքով»,- նշեց ԱԳՆ ներկայացուցիչը՝ հավելելով, որ սպառազինությունների գնման մասին տվյալները գաղտնիք չեն, քանի որ տեղեկատվությունը փոխանցվում է ԵԱՀԿ-ին եւ ՄԱԿ-ին:

Սամվել Մկրտչյանի խոսքով, Հայաստանը տեղեկացնում է Ադրբեջանի կողմից Պայմանագրի խախտումների մասին, սակայն իրական քայլերը, որոնք կարող է երկիրը ձեռնարկել, սեփական անվտանգությունն ապահովելն է:

Հարցին, այդ դեպքում կարելի՞ է պնդել, որ Ռուսաստանը նպաստում է, որպեսզի Ադրբեջանը խախտի Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագիրը, Սամվել Մկրտչյանը պատասխանեց, որ նման միանշանական պնդում կատարելը դժվար է: «Բայց իրականությունն այն է, որ 1990-ականների սկզբին կնքված պայմանագիրը հնացել է: Այն գործում է, սակայն այլեւս չի արտացոլում իրերի իրական դրությունը: Այդ պատճառով անհրաժեշտ է վերսկսել պայմանագրի արդիականացման շուրջ բանակցությունները: Հարկավոր է նոր պայմանագիր, որը կհամապատասխանի այժմյան պահանջներին: Ընդ որում, նոր փաստաթուղթը պետք է խախտումների համար պատժամիջոցներ նախատեսի»,- կարծում է Հայաստանի ԱԳՆ ներկայացուցիչը:

Նշենք, որ Ադրբեջանի սպառազինությունների խոշորագույն մատակարարներն են Ռուսաստանը, Իսրայելը եւ Ուկրաինան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ