News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կառավարությունը հարկային արտոնություններ է տվել Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ա եւ Գ» ՍՊԸ-ին, որը զբաղվում է օղու շշալցմամբ:  Էկոնոմիկայի փախնախարար Գարեգին Մելքոնյանը, ներկայացնելով նախագիծը,  հայտարարել է, որ ընկերությունը 1.3 մլրդ դրամի սարքավորումներ ներկրելիս 3 տարով կազատվի ԱԱՀ-ից:

Հիմնավորման մեջ նշվում է, որ «Ա եւ Գ» ՍՊԸ-ն մտադիր է օղու արտադրության համար  իտալական սարքավորումներ ներկրել՝ մինչեւ  20,1մլրդ դրամի սահմաններում:

Արտադրանքի  25%-ը նախատեսվում է արտահանել Ռուսաստան, Իրաք, Վրաստան: Ամբողջական ծանրաբեռնվածության դեպքում արտադրամասում 40 աշխատատեղ կստեղծվի՝ 110 հազ. դրամ միջին աշխատավարձով:

Նշենք,  գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող ամենամեծ ընկերությունը «Ալեքս Գրիգն» է, որն զբաղվում է սննդամթերքի ներմուծմամբ, այդ թվում նաեւ՝ օղու: 2010-11 թթ. ընկերությունը հերթական անգամ  հայտնվել էր ուշադրության կենտրոնում՝ ուկրաինական  օղու ապրանքանիշները կեղծելուց հետո («Նեմիրոֆ» եւ այլն), որը հարուցել էր դեսպանի եւ Ուկրաինայի կառավարության ներկայացուցիչների բացահայտ դժգոհությունը:

Էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը չի պատասխանել լրագրողների այն հարցին, թե արդյոք «Ա եւ Գ»  ընկերությունը պատկանում է Սամվել Ալեքսանյանին:

Ենթադրությունը հաստատվեց, երբ մենք խանութներից մեկում «Ա եւ Գ» ընկերության շշալցրած օղի ձեռք բերեցինք:  Օղին ունի «Զելյոնայա մետկա» կասկածելի անվանումը եւ արտաքինով հիշեցնում է «Զելյոնայա մարկա» ապրանքատեսակը (երկու անգամ էժան արժե): Ամենահետաքրքիրն այն է, որ ընկերության հասցեն նույնն է, ինչ եւ «Ալեքս Գրիգ»-ինը:

Հարցին, թե փոխկապակցված են արդյոք «Ա եւ Գ» ընկերությունը «Ալեքս Գրիգի» հետ, «Ալեքս Գրիգի» մարքեթինգի տնօրեն Էդգար Այվազյանը պատասխանեց.  «Ոչ, նման բան չկա: Ոչ մի նման բանի մասին տեղյակ չեմ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ