News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը «Նաիրիտի» աշխատակիցներին խոստացել է ընդունել օգոստոսի վերջին եւ ներկայացնել նրանց խնդրի լուծման ուղղությամբ ձեռնարկված քայլերը, նաեւ խոստացել է պատժել մեղավորներին։ Այս մասին այսօր՝ հուլիսի 9-ին, վարչապետի հետ հանդիպումից հետո  կառավարության մոտ սպասող՝ «Նաիրիտի» հարյուրավոր աշխատակիցներին տեղեկացրեց «Նաիրիտի» արհմիության նախագահ Հրաչ Թադեւոսյանը, որը 20 աշխատակիցների հետ այսօր Կառավարությունում հանդիպել էր վարչապետի հետ։

«Վարչապետը նույնիսկ հանձնարարել է մեղավորներին բերման ենթարկել եւ այստեղ զբաղվել նրանցով, բայց մեղավորներին պատժելով՝ մեր աշխատանքի հարցը չի լուծվում։ Մինչեւ օգոստոսի վերջ կառավարությանը մենք չենք անհանգստացնում, օգոստոսի վերջին վարչապետը էլի 20 հոգու ընդունելու է։ Մյուս շաբաթվա մեջ մեր մի ամսվա աշխատավարձի հարցը լուծվելու է։ Մեր միակ նպատակն է, որ գործարանը աշխատեցնեն, մենք ձեր բոլորի անունից խնդրել ենք, աղաչել ենք, լացել ենք, որ ուղղություններ փնտրի գործարանը աշխատացնելու համար»,- հայտարարեց Հրաչ Թադեւոսյանը։

Նաիրիտցիները, սակայն, դժգոհ էին վարչապետի պատասխանից։ Նրանք ասացին, որ հույս չունեն, թե օգոստոսին որեւէ դրական տեղաշարժ կլինի. «Քեզ որ հացը ցույց տան ու ձեռդ չտան, կբավարարվե՞ս։ Իհարկե գոհ չենք»։

Աշխատակիցներից մեկն էլ ասաց, որ շարունակելու են պայքարը. «Հայկական ամառ ենք անելու, արաբական գարուն կա, չէ՞, մենք էլ հայկական  ամառ ենք անելու։ Բոլորս ընտանիքի տեր ենք, հոգսեր ունենք, կարիքներ ունենք, ի՞նչ ենք անելու»։

Նշենք, որ այսօր առավոտից «Նաիրիտի» աշխատակիցները բողոքի ակցիա էին անցկացնում Կառավարության մոտ։ Նրանք պահանջում էին վերադարձնել իրենց 16 ամսվա աշխատավարձը եւ վերագործարկել գործարանը։

Տպել
Ամենաշատ