News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Մշակույթի նախարարությունն օրերս դիմել էր Երեւանի քաղաքապետարանին, որ Աֆրիկյանների ժառանգ Արմեն Աֆրիկյանին հատկացվի հողատարածք՝ Աֆրիկյանների շենքը վերականգնելու համար, սակայն Երեւանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը մերժել է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց մշակույթի նախարարության Պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության Երևանի տարածքային բաժնի պետ Կարո Այվազյանը:

«Արմեն Աֆրիկյանը դիմել էր մեզ եւ ներկայացրել ժառանգորդի փաստաթղթեր եւ թույլտվություն էր խնդրում, որպեսզի իր միջոցներով ապամոնտաժի քարերը եւ կոնկրետ տարածքում շենքը վերականգնվի: Մենք դեմ չէինք դրան, բայց հողի հատկացումը տրամադրում է Երեւանի քաղաքապետարանը: Մենք էլ մեր հերթին դիմեցինք քաղաքապետարանին՝ առաջարկելով կամ Արմեն Աֆրիկյանին թույլ տալ Հին Երեւանում վերականգնել շենքը, կամ հուշարձանին հարիր տարածք տրամադրել: Այնտեղից մենք նամակ ստացանք, որից հասկանալի է, որ այդ տարածքը իրենք չեն կարող տրամադրել, բայց չի առարկում, որ Աֆրիկյանը ապամոնտաժման եւ պահեստավորման աշխատանքներին մասնակցի»,- ասաց նա:

ՊՈԱԿ-ի Երեւանի տարածքային բաժնի պետի խոսքով՝ ինքն ու նախարարությունը նախկինում էլ փորձել են բանակցել արդեն կառուցապատողների հետ եւ տարբեր առաջարկներ ներկայացրել, սակայն դրանք ապարդյուն են անցել:

«Սկզբում «Դվին հոլդինգի», այնուհետեւ արդեն «Միլենիում կոնստրաքշընի» հետ ես նախարարության անունից բանակցություններ եմ վարել, որպեսզի շենքը չտեղափոխվի, այլ պարզապես նույն վայրից մի քանի մետր հեռավորություն վրա վերականգնվի: Երկուսի հետ էլ բանակցությունները ձախողվեցին, որովհետեւ շինությունն ապամոնտաժվեց: Բայց ես դեռ հույս ունեմ, որ «Միլենիում»-ը միգուցե մի օր մեր տարբերակին համաձայնվի»,- ավելացրեց Կարո Այվազյանը:

Աֆրիկյանների շենքի ժառանգորդ Արմեն Աֆրիկյանն էլ NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ ապամոնտաժված քարերն այս պահին գտնվում են աղբանոցի մոտ, բացօթյա վայրում, իսկ «Հին Երեւան» նախագիծը սուտ է, ինքը դրան չի հավատում. «Քաղաքապետարանը պատասխանել է, որ կարող եմ մասնակցել պահպանման գործընթացի մեջ, այսինքն հետեւեմ՝ ինչ վիճակում է պահպանվում, բայց ի՞նչ պահպանման մասին է խոսքը, եթե քարերը զիբիլանոցում են, բացօթյա վայրում»:

Հիշեցնենք՝ քաղաքացիական ակտիվիստները պահանջում են չքանդել ու չտեղափոխել 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբին կառուցված Աֆրիկյանների շենքը, որը Խորհրդային տարիներին ծառայել է՝ որպես բազմաբնակարան շենք։ 2004թ. կառավարությունը Աֆրիկյանների տունը ներառեց պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակի հավելվածում, ինչը նշանակում է, որ այն ենթակա է տեղափոխման։ Այնուհետեւ տարածքը ճանաչվեց բացառիկ գերակա հանրային շահ եւ վաճառվեց «Դվին հոլդինգին»։ Սեփականատերերը վստահեցնում են, որ շենքի քարերը համարակալվել են եւ անվտանգ կտեղափոխվեն այլ վայր, սակայն ակտիվիստները թերահավատորեն են վերաբերվում այս պնդմանը՝ վստահեցնելով, որ պատմամշակութային արժեք ունեցող շենքը վերջնականապես կոչնչացվի:

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am

Տպել
Ամենաշատ