News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Փաստաբան Վարդուհի Էլբակյանի եւ իր պաշտպանյալ Արտակ Կարապետյանի գործն արդեն Գլխավոր դատախազությունում է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արտակ Կարապետյանը, որի պնդմամբ՝ փաստաբանը հրաժարվում է իրեն վերադարձնել ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի հետ 2011թ.-ից կալանավորված Արտակ Կարապետյանի խափանման միջոց կալանքը փոխելու դիմաց վճարած 3 մլն դրամի գրավը:

«Մենք դիմել էինք Փաստաբանների պալատին, սակայն նրանք մերժեցին, քանի որ եթե վարույթ ընդունեին, իրենք պիտի այն ներկայացնեին գլխավոր դատախազություն: Սակայն չցանկանալով գործ բացել իրենց փաստաբանի վրա՝ մերժեցին մեր դիմումը: Այդ պատճառով ինքս դիմեցի գլխավոր դատախազությանը: Գիտեմ, որ դատախազը մակագրել է դիմումը, բայց դեռ գործ չի հարուցվել, հարցաքննություն չի եղել»,- ասաց ՀԱԿ ակտիվիստը:

Նրա խոսքով՝ ինքն ամեն ինչ անելու է գումարը հետ վերադարձնելու համար:

Նշենք, որ ավելի վաղ Արտակ Կարապետյանը մեզ պատմել էր. «Երբ 2011թ. օգոստոսի 9-ին մեզ ձերբակալում են, տասն օր հետո իմ փաստաբան Վարդուհի Էլբակյանի ջանքերով ինձ 3 մլն դրամի գրավի դիմաց ազատ են արձակում: Մոտավորապես օգոստոսի 19-20-ին Վարդուհի Էլբակյանն ու ՀԱԿ իրավական համակարգող Արմեն Խաչատրյանը գնում են բանկ եւ վճարում 3 մլն դրամը: Երկու ամիս անց մեր փաստաբանը փոխվում է: Դրանից հետո գիտենք, որ 2013թ.-ին Վերաքննիչ դատարանը մեզ համաներումով ազատ արձակեց, մենք դիմեցինք Վճռաբեկ, որ մեզ արդարացնեն, ոչ թե համաներումով ազատ արձակեն: Այդ բողոքն իհարկե մերժվեց, իսկ Վերաքննիչ դատարանի կայացրած որոշումն ուժի մեջ մտավ այս տարվա հունվարին: Ես զանգեցի Վարդուհի Էլբակյանին, որ գնա գրավս բանկից հանի ու գումարս վերադարձնի, բայց հրաժարվեց»:

Հիշեցնենք, որ Արտակ Կարապետյանը եւ ՀԱԿ 6 ակտիվիստներ 2011թ. օգոստոսի 9-ին Խնկո Ապոր գրադարանի մոտ տեղի ունեցած միջադեպից հետո բերման էին ենթարկվել ոստիկանության բաժանմունք: Ըստ ոստիկանության, գրադարանի մոտ միջադեպն սկսել էր այն բանից, երբ ոստիկանները մի երիտասարդի հորդորել էին շանը ման տալ դնչկալով, մինչդեռ երիտասարդների պնդմամբ, միջադեպը սկսվել էր ոստիկանների սադրիչ գործողությունների հետեւանքով:Նրանք նաեւ նշել էին, թե ոստիկաններն իրենց դաժան ծեծի են ենթարկել:

Երկարատեւ դատավարությունից հետո առաջին ատյանի դատարանը Տիգրան Առաքելյանը դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման, Արտակ Կարապետյանը` 3, Սարգիս Գեւորգյանը եւ Դավիթ Քիրամիջյանը` 2-ական տարվա ազատազրկման:

2013թ. հոկտեմբերին միայն Վերաքննիչ դատարանը համաներումով ազատ էր արձակել ՀԱԿ ակտիվիստներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ