News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Լսողական խնդիրներ ունեցող 14-ամյա քարվաճառցի աղջնակը՝ Կարինե Մինասյանն այսուհետ Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոնի մասնագետների հսկողության տակ կգտնվի եւ հնարավոր է՝ աշնանը, եթե մինչ այդ վիրահատությանը խոչընդոտող որեւէ հանգամանք ի հայտ չգա, կոխլեար իմպլանտացիայի ենթարկվի։ 

ԲԿ ղեկավար եւ ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը անմիջապես արձագանքել է NEWS.am-ի՝ երեխայի առողջական վիճակի մասին պատմող՝ հուլիսի 1-ին հրապարակած նյութին եւ նրա բուժումն իր ղեկավարությամբ գործող հիմնարկում անվճար իրականացնելու կարգադրություն իջեցրել ։

NEWS.am-ը կազմակերպել էր ընտանիքի այցը Երեւան եւ «Էրեբունի» ԲԿ-ում իրականացված բոլոր հետազոտություններին հետեւել։  Հենց այդ օրերին վեց այլ երեխաների կոխլեար իմպլանտացիայի ենթարկելու նպատակով Հայաստանում էին գտնվում Հայկական միջազգային բժշկական հիմնադրամի պատասխանատու Սալբի Ագարակյանը եւ UCLA Քալիֆորնիական համալսարանի առաջատար վիրաբույժ Ակիրա Իշիյաման։ Նշենք, որ հիմնադրամը, Ակիրա Իշիյամայի աջակցությամբ, անվճար իմպլանտներ է տրամադրում լսողական խնդիրներ ունեցող հայ մանկիկներին: Բացի այդ, Սալբի Ագարակյանը եւ Ակիրա Իշիյաման խորհրդատվություն են տրամադրում հայ մասնագետներին։

ԲԿ Քիթ-կոկորդ-ականջի բաժանմունքի ղեկավար, ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր քիթ-կոկորդ-ականջաբան Արթուր Շուքուրյանը Կարինեի մոր՝ Անահիտ Մինասյանի հետ զրույցում նշել է, որ երեխան այժմ եռակի՝ «ԼՂՀ առողջապահության նախարարի, ամերիկացի գործընկերների եւ մի քիչ էլ մեր» հսկողության տակ է գտնվում։

«Էրեբունի» ԲԿ քիթ-կոկորդ-ականջաբան Արմինե Մարտիրոսյանը NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցի ընթացքում տեղեկացրել է, որ, իրականացված հետազոտությունների արդյունքների համաձայն, Կարինեի լսողական խանգարման պատճառը ոչ թե ներքին ականջն է, այլ լսողական նյարդային բջիջները։ «Երեխան չորրորդ աստիճանի՝ ձեռքբերովի ծանրալսություն ունի», - նշել է նա։ Պարզաբանենք, որ չորրորդ աստիճանի ծանրալսություն նշանակում է, որ Կարինեն մարդկային ձայները անգամ լսողական սարքով չի լսում, արձագանքում է միայն խուլ աղմուկին, իսկ զրուցակցին հասկանում է շուրթերի շարժումներով։

Այսպիսի ախտորոշմամբ հիվանդները, բժշկի խոսքով, կոխլեար իմպլանտացիայի են ենթակա ։ Վիրահատությունից առաջ նա պետք է նախապատրաստական շրջան անցնի, որի ընթացքում անպայման պետք է լսողական սարք կրի եւ սուրդոմանկավարժի հետ պարապմունքների հաճախի։ Վիրահատությունից մեկ ամիս անց իմպլանտին խոսակցական պրոցեսոր է միացվում, ապա այն ծրագրավորվում է, եւ հետվիրահատական վերականգնողական աշխատանքներն են սկսվում։

«Արդյունքը, հուսով եմ, պետք է շատ լավ լինի, քանի որ երեխայի խոսքը նորմայի սահմաններում է գտնվում, պարզապես անհրաժեշտ է լսողությունը եւ լսողախոսակցական զգայարանը վերականգնել, քանի որ տարիների ընթացքում այն նրա մոտ հետ է զարգացել», - համոզմունք է հայտնել Արմինե Մարտիրոսյանը:

Առաջին դասը Կարինե Մինասյանի հետ սուրդոմանկավարժ Լիլիթ Հարությունյանն անցկացրեց, որից հետո ընտանիքը հետդարձի՝ դեպի Քարվաճառ ճանապարհը բռնեց։ Տանը Կարինեի պարապմունքները ծնողների, ինչպես նաեւ քրոջ՝ Մարինեի եւ եղբոր՝ Վազգենի  հետ կշարունակվեն, մինչեւ որ աղջիկը նորից Երեւան կգա՝ վիրահատությանը նախապատրաստվելու համար։

Հիշեցնենք, որ NEWS.am-ը, բարեգործական ակցիայի շրջանակում, այս ընտանիքին այցի էր գնացել՝ Քարվաճառ։ Երեխան լրագրողներին պատմել էր, որ երազում է նորից լսել եւ վիրաբույժ դառնալ։ 

Եւս մեկ հիշեցում. նյութի հրապարակումից հետո Facebook-ի ակտիվիստները Կարինեի Մայրիկի՝ Անահիտ Մինասյանի անունով հաշվեհամար են բացել Կոնվերս բանկում եւ կոչ են անում օգնել այս ընտանիքին։

Գումարի տեսքով օգնությունը կարող եք հետեւյալ հաշվեհամարով փոխանցել.

Converse bank

AMD 1930051111510100

USD 1930051111510101

Ստացող` Անահիտ Մինասյան

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ