News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Փերլ Հարբերի վրա 1941 թվականի դեկտեմբերի 7-ին ճապոնացիների հարձակումը տպավորվել է ամերիկացիների հիշողության մեջ: Ավելի պակաս հայտնի են նույն ժամանակ տեղի ունեցած հարձակումները Ֆիլիպինների, Հոնկոնգի, Սթրեյթս-Սեթլմենթսի, Հոլանդական Օստ-Ինդիայի (Ինդոնեզիա) եւ Բիրմայի (Մյանմա) վրա: Առավել մշուշոտ է Հարավ-արեւելյան Ասիայում ճապոնական նվաճումների ազդեցությունը հայկական համայնքների վրա: Դրանցից ամենամեծերը ծաղկում էին Սինգապուրում, Հոլանդական Օստ-Ինդիայում եւ Բիրմայում: Նշված իրադարձություններից հետո այդ համայնքներից ոչ մեկն այդպես էլ չկարողացավ վերականգնվել: Այս մասին գրում է «The Armenian Weekly» պարբերականը:

Ընթերցողները կարող են զարմանալ հայկական որոշ ազգանուններից: Հարավ-արեւելյան Ասիա ժամանածների մեծ մասը պարսկահայեր են եղել, եւ նրանցից շատերը կրթություն են ստացել Կալկաթայում: Արդյունքում նրանց ազգանուններն անգլականացվել են: Օրինակ՝ Եդգարյանները դարձել են Էդգարներ, Սեթյանները՝ Սեթեր, իսկ Հովակիմյանները՝ Ջոակիններ:

Ճապոնական զորքերը 1941 թվականի դեկտեմբերի 8-ին իջան Մալայայի հյուսիսում եւ սկսեցին ճանապարհ հարթել դեպի հարավ, Սինգապուրի ուղղությամբ: Չնայած կատաղի դիմադրությոնը՝ նրանք կարողացան դեպի Սինգապուրի կղզի տանող նեղ ճանապարհն անցնել 1942թ. փետրվարի 8-ին: Դաժան մարտերից եւ ռմբակոծություններից հետո Սինգապուրը, որը ժամանակին «անառիկ ամրոց» էին կոչում, փետրվարի 15-ին հանձնվեց:

Շուրջ 95 հայերից կազմված համայնքը բախվեց սարսափելի անորոշության: Առնվազն 23 հայ, ովքեր չէին կարողացել փախչել կղզուց, փակվեցին Չանգի բանտում: Երբ ճապոնացիները ճամբար բացեցին կանանց եւ երեխաների համար, յոթ հայ ուղարկվեց այնտեղ: Երեքը մահացան. քույր եւ եղբայր Գալսթաուն ու Դեզիրե Հակոբյանները, ինչպես նաեւ նրանց 76-ամյա տատիկ Մարիա-Աննա Մարթինը: Նրանք, ովքեր կարողացան դիմանալ ճամբարներում, ուղարկվեցին Անգլիա կամ Ավստրալիա: Աստիճանաբար ընտանիքները միավորվում էին, բայց շատերը հասկացան, որ իրենց լավագույն ապագա է սպասվում այլ վայրում, եւ լքեցին Սինգապուրը:

Հոլանդական Օստ-Ինդիան ճապոնացիներին հանձնվեց 1942 թվականի մարտին: Այս գաղութում շուրջ 500 հայ կար, հիմնականում՝ առեւտրական Սուրաբայա քաղաքում: Հայերին խորհուրդ տվեցին անձը հաստատող փաստաթղթերում ազգությունը փոխել՝ նշելով հայ լինելը: Ովքեր այդ արեցին, հնարավորություն ստացան մնալ իրենց տներում: Մյուսներն այլ գերիների հետ ստիպված եղան տառապել ճամբարների ու բանտերի վատ պայմաններում:

Առնվազն 40 հայ է զոհվել Սումատրայում եւ Ճավայում գերիների համար նախատեսված ճապոնական ճամբարներում: Երրորդ երկիրը, որտեղ հայ համայնքը դատարկվեց, Բիրման էր: Տարհանման ցուցակներում, որոնք կազմել է Անգլո-բիրմայական գրադարանը, առնվազն 75 հայկական ազգանուն կա: Եվս 32 ազգանուն կա զոհերի, իսկ 25 ազգանուն՝ գերիների ցուցակում:

Ճապոնացիների օկուպացիայից տուժած հայերի, ինչպես նաեւ բոլոր զոհերի պատմությունները ողբերգական են ու մռայլ: Այն, ինչ տեղի է ունեցել հայերի հետ Սինգապուրում, Սուրաբայայում եւ Բիրմայում, ավելի փոքր ծավալներով կրկնվել է նաեւ Հոնկոնգի, Շանհայի, Տյանցզինի եւ Հարբինի համայնքներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ