Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը չի մեկնում Բրազիլիա՝ Աշխարհի առաջնության եզրափակչին ներկա գտնվելու համար, քանի որ Հայաստանի ազգային հավաքականը չի խաղում: Այս մասին մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց ֆեդերացիայի նախագահը:

«Ինչո՞ւ մասնակցեմ: Եթե Հայաստանի ազգային հավաքականը խաղար, ես էլ բնականաբար այնտեղ կլինեի: Ֆուտբոլի ֆեդերացիաների այն նախագահները, ովքեր այսօր մասնակցում են եզրափակչին, նրանք ուրեմն ունեն նախընտրած հավաքական, ես չունեմ: Ես բացի Հայաստանի հավաքականից, այլ հավաքականի չեմ երկրպագում: Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը մասնակցությունը եզրափակչին պարտադիր չէ: Բացման արարողությանը, որտեղ ֆեդերացիաների նախագահները պարտադիր հավաքվում են, մենք դրան գնում ենք, սակայն փակման արարողությանը ներկա գտնվելը պարտադիր չէ»,- ասաց նա:

Ռուբեն Հայրապետյանը հերքեց նաեւ մամուլի հրապարակումները, թե ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է լինելու եզրափակչին:

NEWS.am-ի հարցին, թե այս առաջնությանը ում է երկրպագում ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը՝ վերջինս պատասխանեց, թե ոչ մեկին:

«Սերժ Սարգսյանը Բրազիլիա չի գնալու եւ չի էլ գնացել: Ես էդպիսի տեղեկություն ունեմ»,- ավելացրեց նա:

Նշենք, որ Աշխարհի առաջնության եզրափակիչը տեղի կունենա հուլիսի 13-ին: