News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակության Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցի շրջանակում Սոչիում Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջեւ ստորագրվել է ՌԴ տարածքում ՀՀ քաղաքացիների եւ ՀՀ տարածքում ՌԴ քաղաքացիների գտնվելու կարգի մասին համաձայնագիր: Փաստաթղթի ստորագրմանը ներկա են եղել Հայաստանի եւ Ռուսաստանի վարչապետներ Հովիկ Աբրահամյանը եւ Դմիտրի Մեդվեդեւը: 

ՀՀ կառավարության անունից համաձայնագիրն ստորագրել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը, իսկ ՌԴ կառավարության անունից՝ ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայության ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկին:

Համաձայնագրով նախատեսվում է, որ մի կողմի պետության տարածքում ժամանակավորապես գտնվող մյուս կողմի պետության քաղաքացիներն ազատվում են մուտքի պետության իրավասու մարմիններում 30 օրվա ընթացքում գրանցվելու (ըստ գտնվելու վայրի՝ հաշվառման կանգնելու) պարտականությունից:

Համաձայնագիրը նպաստավոր պայմաններ կստեղծի Հայաստանից ՌԴ մեկնող քաղաքացիների, այդ թվում աշխատանքային միգրանտների համար:  

ՌԴ կատարած աշխատանքային այցի ավարտին վարչապետ Աբրահամյանը ՌԴ տրանսպորտի նախարար, հայ-ռուսական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի ռուսական կողմի համանախագահ Մաքսիմ Սոկոլովի ուղեկցությամբ այցելել է Սոչիի օլիմպիական ավան՝ ծանոթացել իրականացված աշխատանքներին:

Վարչապետի աշխատանքային այցը ՌԴ ավարտվել է եւ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունն այսօր երեկոյան կվերադառնա Երեւան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ