News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը


Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը բազմիցս հանդիպել է Հանրային հեռուստաընկերության ֆուտբոլային մեկնաբաններին ու կշտամբել խայտառակ մեկնաբանության համար: Այս մասին մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց ՀՖՖ նախագահը՝ պատասխանելով NEWS.am-ի հարցին, թե ինչպես է գնահատում Հ1-ի մեկնաբանների աշխատանքը:

«Ո՞նց կարելի է գնահատականներ տալ նրանց աշխատանքին: Ես ուղղակի վատ եմ զգում, որ իմ երկրում Հանրային հեռուստաընկերությունը այսպիսի խայտառակություն մեկնաբանություն ունի: Նրանք ֆուտբոլ չեն մեկնաբանում, նրանք վատաբանում են, վարկաբեկում ֆուտբոլիստներին, հավաքականներին, հակաեթերային բառեր օգտագործում: Ֆուտբոլը նրա համար է, որ մարդիկ հաճույք ստանան, սա արվեստ է, արհեստ, քաղաքականություն: Ֆուտբոլ չենք նայում տհաճություն զգալու համար»,- ասաց նա:

Ռուբեն Հայրապետյանի խոսքով՝ այսօր հենց այս մեկնաբանների պատճառով է, որ հայերը Աշխարհի առաջնությանը հետեւում են ռուսական հեռուստալիքներով: Իսկ պատճառն այն է, որ մեր մեկնաբանները չեն հասկանում ֆուտբոլը. «Օրինակ Սլավա Սարգսյանը քիչ թե շատ ֆուտբոլից հասկանում է, Բրազիլիա-Գերմանիա խաղին տակտիկական միտք էր ուզում ասել, բայց էն մորուքավոր մեկնաբանը խանգարեց ու էդպես 10 անգամ առնվազն: Մի քանի անգամ խոսել եմ, կշտամբել, բայց անօգուտ»:

ՀՖՖ նախագահը վատ է գնահատում նաեւ պատգամավորների մեկնաբանությունները՝ դրանք որակելով «խայտառակություն»:

«Խեղկատակություն է, ո՞նց կարելի ա էֆիրն էդպես փչացնել: Ինձ համար անընդունելի է մեր հայ մեկնաբանների աշխատանքը: Հ1-ի մեկնաբաններին պետք է արգելել մոտենալ ֆուտբոլին»,- ավելացրեց նա:

Տպել
Ամենաշատ