News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ֆրանսիան հուլիսի 14-ին նշում է իր ազգային տոնը՝ Բաստիլի գրավման օրը: Այդ առթիվ ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի ռենոյի հարցազրույցը NEWS.am-ին:

Հուլիսի 14-ը նշում են ոչ միայն Ֆրանսիայում, այլեւ ողջ առաջադեմ մարդկությունը: Ձեր կարծիքով աշխարհին ինչ տվեց Մեծ ֆրանսիական հեղափոխությունը:

1789 թվականի ֆրանսիական հեղափոխությունն օժանդակեց աշխարհին թեւակոխելու արդիականության դարաշրջան, հաստատելով սոցիալքաղաքական նոր կարգի հիմքերը: Այն փոխակերպեց ինքնիշխանության հասկացությունը, որն այսուհետ բխում էր ժողովրդից, հաստատեց իշխանության տարանջատումը, սահմանելով օրենքը որպես կարգավորման միակ միջոց, ծնունդ տվեց քաղաքական հավասար իրավունքներով օժտված «քաղաքացուն», վերացրեց ծագումով կամ փողով պայմանավորված տարբերակումները՝ ընտրելով միմիայն աժանիքը:

Հուլիսի 14-ին Բաստիլի առումից զատ, որով վերջ դրվեց կամայականությանը, 1789-ի հեղափոխության երկու նշանակալի իրադարձություններ են նաեւ օգոստոսի 4-ին արտոնությունների վերացումը եւ օգոստոսի 26-ին ընդունված Մարդու եւ քաղաքացու իրավունքների հռչակագիրը, որով, մեծապես ներշնչված է Միավորված ազգերի 1948 թվականի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը: Հեղափոխությունը նաեւ օժանդակեց այդ ժամանակ միավորել Եվրոպան՝ հասարակությունը կանոնակարգող օրենքները եւ սկզբունքները մեկտեղած քաղաքացիական օրենսգիքի տարածման միջոցով : 1792-ի սեպտեմբերի 20-ին Մարսելյեզի հնչյունների ներքո հեղափոխության երիտասարդ բանակի Վալմիի ճակատամարտում տարած հաղթանակից հետո, գերմանացի մեծ գրող Գյոթեն կասի. «Այսօրվանից աշխարհը նոր դարաշրջան թեւակոխեց»:

Որքանո՞վ են ժամանակակից Եվրոպայում կատարվում ազատությունների, հավասարության եւ եղբայրության սկզբունքները:

Ֆրանսիական հեղափոխության հետեւանքներից է, որ 1989-ին տեղի ունենավ «հեղափոխություն» Եվրոպայում: Այդ սկզբունքները պահպանել են իրենց արժեքը եւ պետությունների եւ ինստիտուտների մակարդակով եվրոպական հասարակական կարգի հիմքն են, անգամ եթե այսօր ավելի շուտ խոսվում է «համերաշխության» քան «եղբայրության» մասին: «Համերաշխությունն» իմաստավորում է հավասարության սկզբունքը եւ նպաստում ազատության սկզբունքի օրինականացմանը: Այս սկզբունքներով է ներշնչվում սոցիալքաղաքական գործունեությունը:

Հանուն ազատության եւ հավասարության սկզբունքների է որ, վերջերս Ֆրանսիայում ընդունվեց «ամուսնություն բոլորի համար» սկզբունքը: Համերաշխության սկզբունքն առկա է նաեւ սոցիալական քաղաքականության   զարգացման գործընթացում: Մարդու իրավունքների եվրպոպական դատարանը կոչված է հսկելու դրանց պահպանմանը, քանի որ իրենց իրավունքների պաշտպանության համար ավելի ու ավելի շատ եվրոպացիներ են դիմում այդ ատյան:

Ի հակառակ Կառլ Մարքսի եւ կոմունիստների, այսպես կորչված բուրժուական հեղափոխության սկզբունքներն ամենեւին չեն հնացել: Ընդհակառակը, նրանք թելադրվել ու շարունակում են թելադրվել բոլոր մայր ցամաքներում: Պատմություն, որն անկասկած չի ավարտվել:

Մարդու իրավունքների եւ հանրապետական արժեքների պաշտպանությունը Եվրամիության գերակայությունն է, որը նա զարգացնում է իր գործընկերների հետ հաստատված հարաբերություններում: Իր գործընկերների հետ Եվրամիության կնքած բոլոր պայմանագրերում կան այս ոլորտին առնչվող նշանակալի բաժիններ, որոնց հետամուտ է Եվրամիությունը: Որպես օրինակ կարելի է նշել Արեւելյան գործընկերության շրջանականերում կնքված պայմանագրերը:

Ձեր կարծիքով, ինչպիսի՞ն են Հայաստանի հաջողությունները եվրոպական արժեքներին հաղորդակցվելու տեսանկյունից:

Իր պատմությամբ, մշակույթով, Եվրոպայի հետ մերձենալու իր ցանկությամբ Հայաստանը խորապես եվրոպական է: Բացի այս, Հայաստանն ավելի քան 10 տարի է Եվրոպայի խորհրդի անդամ է, որը կոչված է պաշտպանելու եվրոպական արժեհամակրգը եւ մարդու իրավունքները: Ի դեպ անցյալ տարի, Հայաստանը ստանձնեց ԵԽ նախարարների կոմիտեի նախագահությունը : Իրենց կողմից էլ միջազգային դասակարգումներն արտահայտում են այս ոլորտում Հայաստանի գրանցած զգալի ձեռքբերումները:

Կարո՞ղ է Ֆրանսիան, որպես ավագ ընկեր, առավել ծանրակշիռ դեր խաղալ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության մեծացման հարցում:

Այս ոլորտում, Արեւելյան գործընկերության քաղաքականության միջոցով Ֆրանսիան կանոնավոր երկխոսության մեջ է Հայաստանի հետ: Մարդու իրավունքնեըն անցյալ տարվա նոյեմբերին Վիլնյուսի գագաթնաժողովի ժամանակ Հայաստան-ԵՄ հռչակագրի մեջ արծարծված համագործակցության գլխավոր ճյուղերից են: Ի դեպ, այս երկխոսությունը խորացնելու նպատակով, Ֆրանսիան կոչ է անում գտնել բանաձեւ, որը հնարավոր կդարձնի քաղաքականապես ասոցիացնել Հայաստանը Եվրամիությանը։ Երկկողմ հարաբերությունների առումով, Ֆրանսիան կանոնավորապես հրավիրում է Հայաստանին մասնակցելու այս ոլորտում իր ստանձնած նախաձեռնություններին/ օրինակ անցյալ տարի, Փարիզում կայացած կանանց իրավունքների պաշտպանությանը նվիրված սեմինար/:

Ձեր կարծիքով, ԼՂ հակամարտության կողմերը «հասունացե՞լ են» քաղաքակիրթ լուծման համար:

1994-ի մայիսի հրադադարի ստորագրումից ավելի քան 20 տարի անց, անհրաժեշտ է կայուն խաղաղություն հաստատել Մինսկի խմբի համանախագահների առաջարկած մադրիդյան սկզբունքների հիման վրա: Այդ կոչով համանախագահող երկրների նախագահները բազմիցս դիմել են հակամարտող կողմերին : Այս հակամարտության կարգավորման բանակցված լուծումն այլընտրանք չունի: Ֆրանսիան կոչ է անում կողմերին վստահության մթնոլորտ հաստատել եւ օգտվել բանակցային գործընթացը խաղաղ հունով առաջ տանելու ընձեռված պատեհ առիթից:

-Մի անձնական հարց. Երեւանում սիրելի անկյուն ունե՞ք:

Շատ են իմ նախասիրած վայրերը Երեւանում: Շատ եմ սիրում քաղաքապետարանի դիմացի զբոսայգին, որտեղ տարվա բոլոր եղանակներին՝ ամռանը սաղարթների ստվերում, ձմռանը ձյունածածկ ծառուղիներով, աշնանը չորացած տերեւների շրշյունը ոտքերիս տակ լսելով ,ամեն օր հաճույքով զբոսնում եմ : Ինձ թվում է շատերն ինձ ճանաչում են, ես էլ հաճույք եմ ստանում նրանց՝ հատկապես այգին խնամող աշխատողների հետ զրույցի բռնվելով: Ես դա համարում եմ իմ օրվա առանձնակի մի պահ:

Զրուցեց Մարիամ Լեւինան

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ