News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Գազայի հատվածում զինյալների դեմ իսրայելցիների ռազմական գործողությունը կարող է երկար տեւել: Հայտարարությունը հետեւել է երկրի ծովային հետեւակայինների ցամաքային գործողությանն այն շրջանում, որտեղից պաղեստինցիները հրթիռներ էին արձակում Իսրայելի ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Նախարարների կաբինետի անդամներին ուղղված խոսքում Նեթանյահուն ասել է. «Մենք շարունակելու ենք գործել համբերատարությամբ եւ զուսպ՝ հանդես բերելով վճռականություն եւ պատասխանատվություն՝ մեր արշավի նպատակին հասնելու համար՝ վերականգնելով խաղաղությունը երկարատեւ ժամկետով եւ զգալի հարված հասցնելով ՀԱՄԱՍ-ին եւ Գազայի հատվածի ահաբեկչական այլ խմբավորումներին: Իսրայելական բանակն ամեն ինչի պատրաստ է: Մենք չգիտենք, թե երբ կավարտվի այս գործողությունը, այն կարող է երկար ժամանակ տեւել, եւ մենք ձեր աջակցության եւ կարգապահության կարիքն ունենք»:

Նշենք, որ Իսրայելը նախորդ գիշեր ավիացիոն հարվածներ է հասցրել Գազայի հատվածի անվտանգության ուժերի կենտրոնակայանների եւ ոստիկանական բաժանմունքների ուղղությամբ:

Գազայի իշխանությունների փոխանցմամբ, իսրայելական հարվածների արդյունքում 159 պաղեստինցի է զոհվել: Նրանց հավաստմամբ, զոհերի մեծ մասը խաղաղ բնակիչներ են:

Մինչ այդ, ՀԱՄԱՍ-ի ռազմական թեւը՝ «Իզեդդին ալ-Քասամի բրիգադները», ստանձնել է Թել Ավիվի ռմբակոծման պատասխանատվությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ