News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Եթե պատկերացնենք, որ Իրաքում քրդական խնդիրը կլուծվի, այսինքն՝ քրդերն անկախություն ձեռք կբերեն, Իրանի հետ հարաբերությունների կարգավորման տեսանկյունից Արեւմուտքի հետաքրքրություն այլեւս չի նկատվի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց իրանագետ Ռուդիկ Յարալյանը:

Անդրադառնալով Իրանի եւ միջնորդների «վեցյակի» (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Չինաստան եւ Գերմանիա) ներկայացուցիչների հանդիպումից ակնկալիքներին՝ նա ընդգծեց, որ այնքան էլ լավատեսորեն տրամադրված չէ՝ հաշվի առնելով տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքական գործընթացները, մասնավորապես այն, ինչ հիմա կատարվում է Իրաքում եւ Ուկրաինայում:

«Ես անմիջական կապ եմ տեսնում այս իրադարձությունների եւ Իրանի գործընթացների միջեւ: Այստեղ նաեւ լուրջ տնտեսական խնդիրներ կան, մասնավորապես, էներգետիկ համագործակցության առումով: Գաղտնիք չէ, որ Իրաքյան Քուրդիստանը լուրջ էներգետիկ պաշարներ ունի: Իսկ քրդական խնդրի լուծման դեպքում, ես կարծում եմ, Արեւմուտքի հետաքրքրությունն ավելի շատ կուղղվի դեպի Իրաքյան Քուրդիստանի հետ համագործակցությունը»,- նշեց Ռուդիկ Յարալյանը՝ պարզաբանելով, որ այս ոլորտում արդեն Իրանի հանդեպ նախկին հետաքրքրվածությունը չի լինի:

Իրանագետը հավելեց, որ ուկրաինական իրադարձությունները որոշակի հույս ներշնչեցին, որ Արեւմուտքը կփորձի աշխատել Իրանի ուղղությամբ, սակայն սկսվեցին իրաքյան իրադարձությունները: «Իմ կարծիքով, մինչեւ չստորագրվի այն վերջնական փաստաթուղթը, որի մասին նշում էր Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավաֆ Զարիֆը: Ամեն դեպքում՝ հուսանք, որ բանակցությունները գոնե փակուղի չեն մտնի, եւ դրանք շարունակելու համար ինչ-որ դուռ բաց կմնա»,- ամփոփեց Ռուդիկ Յարալյանը:

Հիշեցնենք, որ հուլիսի 20-ին լրանում է Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի 6-ամսյա ժամկետը, որն ուժի մեջ է մտել 2014թ. հունվարի 20-ին: Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆը հույս է հայտնել, որ հուլիսի 20-ին աշխարհը պատմական իրադարձության ականատես կդառնա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ