News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Ոստիկան Գեղամ Խաչատրյանը նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած բախումների ժամանակ  ակցիայի տարբեր մասնակիցներից ստացել է բազմաթիվ հարվածներ։ Այս մասին այսօր՝ հուլիսի 16-ին, Կենտրոն եւ Նորք-Մարաշ  համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, Նոյեմբերի 5-ի գործով դատական նիստին ասաց գործով տուժող Խաչատրյանը։

Տուժողի խոսքով, ինքը Շանթ Հարությունյանին մոտեցել է, որպեսզի օրենքը չխախտելու կոչ անի, սակայն նա սկսել է հրել իրեն։

«Ազատության հրապարակում ծառայողական մուտքի մոտ կանգնած ոստիկաններից իմացա, որ Շանթ Հարությունյանը երթ է անցկացնում դեպի Բաղրամյան 26։ Շանթ Հարությունյանը եւ իր ընկերնրը, երբ դուրս էին գալիս երթի,  ես նկատեցի, որ նրանց ձեռքին կան փայտե մահակներ, որոնց ծայրը սուր էր, եւ նրանք կրում էին Գայ Ֆոքսի դիմակներ։ Երբ փողոց դուրս եկան, Մաշտոցի պողոտան կենսական նշանակություն ունեցող փողոց է, եւ նրանք խանգարում էին երթեւկությունը, ես մոտեցա  Շանթ Հարությունյանին, նա չլսելով ինձ սկսեց հրել փայտով, փայտը բռնեցի, որպեսզի ասեմ, որ դուրս գան մայթից, հետո մեզ մոտեցավ սպորտային համազգեստով մի քաղաքացի, որը  սկսեց ինձ հրել։ Նա սկսեց հրել, նրա համախոհները սկսեցին հրել, նրանք չէին ենթարկվում մեր օրինական պահանջին, հնչեցին նաեւ պայթյուններ, որոնք շնչառության վրա էին ազդում։ Ու սկսվեց խառնաշփոթը, այդ ամենը տեւեց 10-15րոպե։ Առաջին հարվածն ինձ հասցրել է Ավետ Ավետիսյանը, նա հարվածել է մեջքիս, երկրորդը՝ կուրտկայով երիտասարդը, Մկրտիչ Հովհաննիսյանն էր։ Ոստիկան Արա Մարտրիոսյանին մոտեցավ մի մարդ օպտիկական ակնոցներով, հետագայում պարզվեց՝ նա  Տիգրան Պետրոսյանն էր, եւ սկսեց հրել։ Հետո սուր ծակող հարված եմ զգացել աջ կողմում։  Զգացել են տարբեր ցավեր, հարվածները շատ են եղել։ Տեսել եմ՝ ինչպես է Շանթը հարվածել ոստիկան Վարդան Գեւորգյանի որովային»,- պատմեց ոստիկանը։

Գեղամ Խաչատրյանը պատմեց, որ իրեն երրորդ հարվածողը եղել է Շահեն Հարությունյանը։ «Իմ հետեւից ձախ քունքային մասիս հարվածեց Շահեն Հարությունյանը։ Այդ խառնաշփոթը շատ կարճ տեւեց, հետո ինձ առաջին բուժօգնություն  են ցույց տվել, հետո ցավերս շատ էին, եւ ինձ տեղափոխել են Սուրբ Գրիգոր  Լուսավորիչ հիվանդանոց»։

Շանթ Հարությունյանին բարկացրեց տուժողի այն խոսքը, թե իբր ինքը պատրաստվում էր գնալ Բաղրամյան 26։

«Ո՞նց եք ասում, որ ես երթ էի անում դեպի Բաղրամյան փողոց, ոչ մեկ չգիտեր՝ ուր եմ ես գնում, դու շառ ես անում։  Ասա՝ դու ում կողմից ես ուղարկված՝ Մոսկվայի ԿԲԳ-ի՞, թե՞ Ադրբեջանի եւ Թուրքիայի հատուկ ծառայություններից»։

Գեղամ Խաչատրյանն ասաց, որ այդ մասին իմացել է ոստիկաններից։

Պաշտպան Ինեսա Պետրոսյանի այն հարցին, թե ինչու են ոստիկանները կոնֆլիկտ հրահրել եւ ինչու չեն բարձրախոսով հայտարարել, որ երթի մասնակիցները փողոց դուրս գալով օրենք են խախտում, տուժողը պատասխանեց. «Ես չեմ հրահրել ոչինչ եւ կատարել եմ իմ աշխատանքը։ Իմ անգործությունը կլիներ օրենքի խախտում։ Երթն ի սկզբանե խաղաղ բնույթ էր կրում. տեսնելով փայտե մահակները՝ մտածեցի, որ դա սիմվոլիկ բնույթ է կրում»։

Հիշեցնենք, որ «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանը 2013թ. նոյեմբերի 5-ին, իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել դեպի նախագահի նստավայր։ Սակայն ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների, այդ թվում՝ Շանթ Հարությունյանին եւ նրա որդուն։ Բախումների հետեւանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում ութ ոստիկան: Այս գործով մեղադրանք էր առաջադրվել 14 քաղաքացիների, այդ թվում Շանթ Հարությունյանին եւ նրա անչափահաս որդուն: Շանթ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանությանը):

Տպել
Ամենաշատ