News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Նոյեմբերի 5-ի գործով տուժող  ճանաչված, ՀՀ Ոստիկանության Երևանի Հատուկ ջոկատի 4-րդ վաշտի հրամանատար Գեղամ Խաչատրյանի՝ նախաքննական մարմնին  եւ դատարանում տված ցուցմունքների միջեւ առկա են էական հակասություններ: Այս մասին այսօր՝ հուլիսի 16-ին, Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց ամբաստանյալներ Արմեն Հովհաննիսյանի եւ Տիգրան Պետրոսյանի փաստաբան Արա Զաքարյանը եւ դատավորին խնդրեց հրապարակել տուժողի նախաքննական ցուցմունքը:

Փաստաբանը նշեց, որ հակասություններից մեկն այն է, որ Գեղամ Խաչատրյանը դատարանում ասաց, թե  ինքն առաջին անգամ ցուցմունք է տվել նոյեմբերի 7-ից ոչ շուտ, քանի որ մինչեւ այդ եղել է վերակենդանացման բաժնում. «Ըստ արձանագրության՝ նա հարցաքննվել է նոյեմբերի 6-ին, իսկ ըստ վկայի՝ ինքն ամսի 7-ից շուտ չէր  կարող հարցաքննվել, քանի որ գտնվել է վերակենդանացման բաժնում, որտեղ ոչ մեկի թույլ չեն տվել մտնել»:

Արա Զաքարյանի խոսքով՝ հակասություն է նաեւ այն, որ նախաքննական ցումունքում վկան չի նշել, որ իր պաշտպանյալ Արմեն Հովհաննիսյանը հրել է ոստիկան, գործով տուժող Արա Մարտիրոսյանին, սակայն դատարանում ասաց, որ հրել է:

Գեղամ Խաչատրյանը դատարանում փաստաբան Արա Զաքարյանի հարցերին պատասխանելիս ասել էր, որ քննիչն իր տված առաջին ցուցմունքը գրել է գրիչով, եւ ինքը դրա տակ ստորագրել է, այնինչ Արա Զաքարյանը դատարանին ցույց տվեց, որ առաջին ցուցմունքը համակարգչով էր հավաքված:

Գեղամ Խաչատրյանն իր ցուցմունքում ասել էր, որ առաջինը նոյեմբերի 5-ին փողոց է դուրս եկել Շանթ Հարությունյանը, բայց Արա Զաքարյանը դատական նիստի ընթացքում տուժողին ցույց տվեց գործին կցված տեսագրությունը, որտեղ երեւում է, որ մինչեւ Շանթ Հարությանը այլ մարդիկ էլ են փողոցի բանուկ մաս անցել:

Փաստաբանը տեսագրությունը ցույց տալուց հետո տուժողին հարցրեց. «Դուք տեսաք, որ մինչեւ Շանթ Հարությունյանի փողոց դուրս գալը այլ մարդիկ կային փողոցում, եթե դա իրավախախտում է, ինչո՞ւ քայլեր չձեռնարկեցիք նրանց կարգի հրավիրելու ուղղությամբ»:

Գեղամ Խաչատրյանը պատասխանեց, որ փողոց դուրս եկածները լրագրողներ էին եւ երթի մասնակիցներ չէին. «Լրագրողների հետ մենք համագործակցում ենք, լրագրողները որպես երթի մասնակիցներ չեն կարող դիտարկվել: Նրանք իրավունք ունեն լուսաբանել այնտեղից, որտեղից իրենց հարմար է»: Պատասխանն առաջացրեց դատարանի դահլիճում ներկա  լրագրողների ծիծաղը:

Դատավորը թույլ  տվեց հրապարակել Գեղամ Խաչատրյանի՝ նախաքննական մարմնին տված ցուցմունքը, բայց աշխատանքային ժամը լրանալու պատճառով նիստը հետաձգվեց: Հաջորդ նիստը տեղի կունենան հուլիսի 18-ին:

Հիշեցնենք, որ «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանը 2013թ. նոյեմբերի 5-ին, իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել դեպի նախագահի նստավայր։ Սակայն ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների, այդ թվում՝ Շանթ Հարությունյանին եւ նրա որդուն։ Բախումների հետեւանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում ութ ոստիկան: Այս գործով մեղադրանք էր առաջադրվել 14 քաղաքացիների, այդ թվում Շանթ Հարությունյանին եւ նրա անչափահաս որդուն: Շանթ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանությանը):

Տպել
Ամենաշատ