News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ասել որ մեր նոտարիատի վիճակը բարվոք է` ինքնախաբեություն կլինի: Այս մասին Նոտարական պալատի ընդհանուր ժողովին ժամանակ իր ելույթում նշել է ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը:

Նա իր ելույթում մասնավորապես հայտարարել է.

«Ողջունում եմ Ձեր համագումարը եւ մաղթում արդյունավետ աշխատանք: Թեեւ անցած տարիներին արձանագրվել են դրական տեղաշարժեր, սակայն ասել որ մեր նոտարիատի վիճակը բարվոք է` ինքնախաբեություն կլինի: Առաջին ցուցանիշը ձեր աշխատանքից բնակչության բավարարված լինելն է: Նոտարական համակարգը հասարակության ամենահասանելի հանրային ծառայություններից մեկն է: Լինելով մասնավոր անձ՝ դուք մարդկանց ծառայություններ եք մատուցում, այդ թվում նաեւ՝ պետության կողմից պատվիրակված: Կրկնում եմ, ծառայություններ եք մատուցում եւ պիտի բարի լինեք ծառայել մարդկանց, բնակչությանը ազնիվ, բարեհամբույր եւ բարձր պրոֆեսիոնալիզմով: Ձեր ծառայության առջեւ դրված են բազմաթիվ եւ բազմաբնույթ խնդիրներ՝ ժողովրդի, նաեւ երկրի իշխանության կողմից: Կառավարության 2014թ. ծրագրով նախատեսվել է լիարժեք ներդնել՝

 1. նոտարիատում ինքնակառավարման համակարգ,

 2. էլեկտրոնային նոտարիատ,

3. նոտարների գույքային պատասխանատվության առավել արդյունավետ համակարգ:

Այս ուղղություններով առաջիկա ամիսներին մենք հանդես կգանք համապատասխան օրենսդրական նախաձեռնություններով: Բնականաբար, ճիշտ լուծումներ գտնելու տեսակետից՝ ձեր ակտիվությունը շատ կարեւոր է: Դա ձեր ինքնակարգավորման եւ ինքնակառավարման մարմինների սուրբ գործն է, որը իմ կարծիքով պետք է էականորեն ակտիվացնել, հակառակ պարագայում չեք լինի գնացքում. կլինեք գնացքի ետեւից վազողների շարքում: Նոտարական համակարգում, ինքներդ գիտեք, կան բազում խնդիրներ՝

•Հայաստանում նոտարական համակարգի ինքնակառավարման ամրապնդումը առաջնահերթություն է՝ նոտարական համակարգը պետք է իրավունք եւ հնարավորություն ունենա կանոնակարգելու, կառավարելու եւ գնահատելու համակարգը եւ ձեր գործունեության առանձին ուղղությունները:

• Մեկ պատուհանի սկզբունքով նոտարական ծառայությունների լիարժեք ներդնում: Մեկ պատուհանի սկզբունքի կիրառումը սկսվել է անշարժ գույքի պետական ռեգիստրի հետ կապի հաստատմամբ, այնուամենայնիվ շատ քիչ թվով նոտարներ են միացել այս համակարգին, ինչը հրատապ լուծման ենթակա խնդիր է: Խնդիր է նաեւ, այն, որ  պիտի փորձենք լուծել, նոտարի հասանելիությունները այլ անհրաժեշտ ռեեստրներին.

• Կարեւորագույն խնդիր եմ համարում նոտարական էթիկային վերաբերող  հիմնահարցերը: Նոտարը պետք է իր վարքով եւ ամենօրյա գործունեությամբ վստահություն ձեւավորի իր անձի, աշխատանքի եւ ամբողջ նոտարական համակարգի նկատմամբ: Դա ապահովելու համար դուք պետք է ստեղծեք էթիկական վերահսկողության արդյունավետ համարգ:

• Էլեկտրոնային նոտարի համակարգի ներդնումը մեր առաջիկա համատեղ գործունեության ուղղություններից մեկն է լինելու: Սա կբացառի թղթային կրիչի վրա ներկայացվող փաստաթղթերի կեղծման հնարավորությունը, կբարձրացնի գործարքների անվտանգությունը եւ կապահովի սպասարկման բարձր որակը:

• Նոտարի գույքային պատասխանատվության սահմանների հստակեցումն անհրաժեշտ է, որպեսզի նոտարի կողմից նոտարական գործողություններ իրականացնելու հետեւանքով պատճառված վնասի հատուցումը երաշխավորված լինի:

• Կարեւոր խնդիր եմ համարում Նոտարի կատարողական մակագրության ինսիտիտուտի ներդնումը:

• Բազմաթիվ խնդիրներ կան արձանագրված ժառանգությանն առնչվող գործարքներում: Անհրաժեշտ է լրջորեն մտածել գործընթացների պարզեցման եւ ավտոմատացման մասին:

• Անհասկանալի իրավիճակ է տիրում նոտարների կողմից արխիվների վարման հարցերում: Պետք է մտածել Արխիվների վարման կարգի միասնականացման եւ դրանց հասանելիության մեխանիզմներ ներդնելու մասին:

 • Նոտարների օպտիմալ ծանրաբեռնվածություն ապահովելու նպատակով անհրաժեշտ է մտածել բնակչության քանակի վրա հիմնված տարածքային բաժանումից գործարքների ծավալի վրա հիմնված տարածքային բաժանման անցնելու նպատակահարմարության մասին:

• Նոտարական գրասենյակներում հերթերի գոյացման կանխման եւ գրասենյակների ծանրաբեռնվածության համաչափ բաշխման նպատակով անհրաժեշտ է հերթերի կառավարման եւ հերթագրման արդյունավետ մեթոդներ ներդնել: Նման փորձ կա ծառայությունների մատուցման այլ ոլորտներում, այնպես որ մեծ բարդություն չի ներկայացնում համակարգի արագ ներդնումը:

• Անհրաժեշտ է մտածել դատարանին ընդդատյա հարցերով՝ վեճերի բացակայության դեպքում, նոտարներին կոնկրետ ոլորտներում որոշումների կայացման հնարավորություն ընձեռելու մասին: Սա ոչ միայն առավել արդյունավետ կդարձնի այս գործառույթը, այլեւ հնարավորություն կտա նվազեցնել դատարանների ծանրաբեռնվածությունը:

 • Մեր քննարկման դաշտում գտնվող կարեւոր հարցերից մեկը նոտարական գործողությունների սակագների եւ նոտարների հարկման համակարգի արդյունավետության հարցերն են, որոնք կարծում եմ ունեն օպտիմալացման եւ վերանայման կարիք:

Հարգելի գործընկերներ, հասկանում եք, որ խնդիրները բարդ են, բազմաոլորտ եւ հաճախ ոչ հեշտ լուծելի: Սակայն աշխատանքը լուծում է ցանկացած հարց: Բացի այդ,  դուք կունենաք իմ եւ նախարարության ամենօրյա աջակցությունը: Սակայն ուզում եմ հատուկ արձանագրել մի կարեւոր բան՝ աջակցություն եւ բարեհաճ վերաբերմունք կստանաք միայն այն պարագայում, երբ լրջորեն կաշխատեք իմ նախանշած ուղղություններով եւ կզգացվի, որ անում եք ամեն ինչ ձեր աշխատանքի որակը բարելավելու եւ բնակչության սպասարկման պատշաճ մակարդակ ապահովելու համար: Դուք այսօր առիթ կունենաք քննարկումներ անելու, հետեւություններ, այդ թվում կազմակերպչական հետեւություններ անելու:

Եվ անկեղծորեն ցանկանում եմ, որպեսզի ստեղծեք ձեր համակարգում այնպիսի իրավիճակ, որ նման հետեւություններ ստիպված չլինեմ անելու: Որպես վերջաբան ուզում եմ լավ հիշեք. ձեր գործունեության գնահատականի հիմնական ցուցիչը ինձ համար լինելու է ժողովրդի վերաբերմունքը նոտարական համակարգի եւ ձեզնից յուրաքանչյուրի աշխատանքի վերաբերյալ:

Տպել
Ամենաշատ