News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Օլիմպիական մեդալների իսկական հրավառություն: Այսպիսի գրառում է կատարել ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում՝ ընդգծելով, որ Հայաստանի դպրոցականները շարունակում են պատվով հանդես գալ միջազգային աշակերտական օլիմպիադաներին:

Նախարարի գրառման համաձայն, հայ աշակերտները եւս 9 մեդալ են վաստակել: Հուլիսի 13-ից 19-ը Թայվանում կայացել է «Ինֆորմատիկա» առարկայի 26-րդ միջազգային օլիմպիադան: Մեր դպրոցականները նվաճել են 4 մեդալ` երկու արծաթե եւ երկու բրոնզե:

Իսկ հուլիսի 13-ին Ղազախստանում մեկնարկել է «Ֆիզիկա» առարկայի 45-րդ միջազգային օլիմպիադան եւ տեւելու է մինչեւ հուլիսի 21-ը: «Թեպետ մրցությունը դեռ չի ավարտվել, բայց արդեն հայտնի է, որ մեր սաները նվաճում են հինգ մեդալ` երեք արծաթե եւ երկու բրոնզե»,- տեղեկացրել է Արմեն Աշոտյանը:

Հայաստանի կրթության ոլորտի գլխավոր պատասխանատուն շնորհավորել է հայ դպրոցականներին այս տարի ցուցաբերած աննախադեպ արդյունքների կապակցությամբ՝ ընդգծելով նրանց ուսուցիչները, թիմերի մարզիչների եւ ծնողների աշխատանքի կարեւորությունը:

Ներկայում միջազգային առարկայական օլիմպիադաներին Հայաստանն արդեն 15 մեդալ է նվաճել: Մեդալակիրների անունները նախարարը խոստանում է հրապարակել երկուշաբթի:

Արմեն Աշոտյանը նաեւ հույս է հայտնել, որ մեր երկրի համար հաղթանակներ կապահովեն նաեւ քիմիկոսների և աստղագետների թիմերը:

Տպել
Ամենաշատ