Հուլիսի 20-ին, ժամը 18-ին, Երեւանի ՋԷԿ-ի համակցված շոգեգազային ցիկլով նոր էներգաբլոկը միացել է հանրապետության էներգաարտադրության ցանցին եւ վերսկսել էլեկտրաէներգիայի արտադրությունը:
Տեղեկացնենք, որ կայանի C1 Ինսպեկցիայի /կապիտալ նորոգման/ աշխատանքները սկսվել էին հունիսի 3-ին եւ պետք է տեւեին մինչեւ հուլիսի 29-ը:
Երեւանի ՋԷԿ-ի տնօրեն Հովակիմ Հովհաննիսյանի խոսքով, վերանորոգման աշխատանքներն ընթացել են շուրջօրյա /24 ժամյա/ գրաֆիկով, ամբողջությամբ կատարվել են կապիտալ նորոգման նորմատիվային պահանջները եւ կայանը սկսել է արտադրությունը նախատեսվածից 9 օր շուտ:
-Երեւանի ՋԷԿ-ի ՀՇԳՑ էներգաբլոկի նշանակությունը մեր հանրապետության էներգահամակարգի հաշվեկշռում շատ մեծ է: Այստեղ արտադրված էլեկտրաէներգիայի սակագինը բավականին ցածր է մյուս ջերմաէլկտրակայաններում արտադրվածից: Ուստի մենք արեցինք ամեն ինչ էներգաարտադրության ցանցին մի քանի օր շուտ միանալու համար,-ասել է Հովակիմ Հովհաննիսյանը:
Երեւանի ՀՇԳՑ էներգաբլոկը կառուցվել եւ գործարկվել է 2010թ. ապրիլի 21-ին: Կառուցման աշխատանքները ֆինանսավորվել էին Ճապոնիայի Միջազգային Համագործակցության Բանկի կողմից եւ տեւել 22 ամիս: 2010թ. ապրիլի 21-ից մինչեւ 2014թ. հունիսի 3-ը էներգաբլոկը աշխատել էր շարունակական բեռի գրաֆիկով եւ ՀՀ էներգահամակարգ էր առաքվել մոտ 6,2 մլրդ կՎտժ էլեկտրաէներգիա: Վերոհիշյալ ժամանակահատվածում, իր բարձր արդյունավետության շնորհիվ (մոտ 50% ՕԳԳ), էներգաբլոկը նպաստել էր հանրապետությունում էլեկտրաէներգիայի սակագների աճի զսպմանը` բնական գազի սակագնի աճի պայմաններում:
Երեւանի ՀՇԳՑ էներգաբլոկում տեղադրված է թույլատրելի նորմատիվային շահագործման ժամկետը հաշվարկող էլեկտրոնային հաշվիչ, որը արձանագրում է էներգաբլոկի փաստացի շահագործման ժամանակամիջոցը: Երեւանի ՀՇԳՑ էներգաբլոկի` արտադրողների կողմից սահմանված նորմատիվային շահագործման ժամկետը 36 000 պայմանական ժամ է, իսկ էներգաբլոկը 2010թ. ապրիլի 21-ից մինչեւ 2014թ. հունիսի 3-ը արդեն աշխատել էր 39 000 պայմանական ժամից ավելի: Փաստացի աշխատանքի պայմանական ժամերի հետագա գերազանցումը խիստ վտանգավոր էր, կարող էր հանգեցնել սարքավորումների լուրջ եւ անդառնալի վնասվածքների, որոնց վերականգնումը կապիտալ նորոգման ծախսերի համեմատ տասնապատիկ ավելի կարող էին լինել: Բացի այդ, փաստացի նորմատիվային շահագործման ժամկետի գերազանցումը կհանգեցներ արտադրողների կողմից երաշխիքների վերացմանը:
Այսօր արդեն Երեւանի համակցված շոգեգազային ցիկլով էներգաբլոկն ամբողջությամբ նորոգված է եւ անվտանգ ու անխափան կարող է աշխատել 4 տարուց մի քիչ ավել, կամ, ինչպես մասնագետներն են ասում, 36 000 պայմանական ժամ: