News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


27-ամյա ծրագրավորող Սերգեյ Ղահրամանյանը եւ տնտեսագետ Նելլի Գյուրջյանը հանդիպել եւ սիրահարվել են կուտակային կենսաթոշակների պարտադիր բաղադրիչի դեմ պայքարող «ԴԵՄ ԵՄ» շարժման հանրահավաքների ժամանակ, եւ 3 ամիս անց որոշել են ամուսնանալ։ Նրանց հարսանիքը, որը տեղի է ունենալու օգոստոսի 9-ին Նորք Մարաշի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում, տարբերվելու է մյուս հարսանիքներից. այն լինելու է «ԴԵՄ ՉԵՄ մի բարձի ծերանալուն» կարգախոսով։ Նելլին խոստովանում է, որ կանխազգացել էր այս ճակատագրական հանդիպումը։

«Պայքարի այնպիսի օրեր էին լինում, որ աշխատանքային ժամերին համընկնում էր, ու ինձ ասում էին՝ մի գնա, ինչ-որ փորձանք կլինի, ասում էի՝ չէ, ես բացի էս պայքարից հանդիպելու եմ իմ երկրորդ կեսին,  այնպես որ մի խանգարեք։ Ու շնորհակալ եմ «ԴԵՄ ԵՄ» շարժմանը, բոլոր այն գիտակից մարդկանց, որոնք նախաձեռնեցին այս շարժումը, ու հասանք այս օրվան, նաեւ մենք հասանք այս օրվան»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Նելլին։

Սերգեյ Ղահրամանյանն էլ պատմեց, որ «ԴԵՄ ԵՄ» նախաձեռնության հանրահավաքների ժամանակ մի քանի անգամ նկատել էր Նելիին, բայց ավելի մտերմացել էր մայիսի 1-ի հանրահավաքի ժամանակ, եւ հասկացել, որ հանդիպել է իր կյանքի երկրորդ կեսին։

«Ուզում ենք, որ բոլոր մեր ընկերները, այն մարդիկ, որոնք այս ընթացքում մեզ հետ են եղել, որոնք ներկա են եղել՝ ինչպես է մեր սերը ծնվել, ուզում ենք, որ բոլորը ներկա լինեն մեր պսակադրությանը»։

Ի տարբերություն այլ զույգերի, որոնք պսակադրության օրը նկարահանվում են այգիներում եւ տարբեր ռոմանտիկ վայրերում, Սերգեյի եւ Նելլիի հարսանեկան գլխավոր լուսանկարը կլինի «ԴԵՄ ԵՄ» նախաձեռնության պայքարի խորհրդանիշ հանդիսացող Մատենադարանի մոտ՝ ամբողջ թիմի հետ։

Տպել
Ամենաշատ