News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ադրբեջանցի օլիգարխ Հաֆիզ Մամեդովը ֆրանսիացիներին բողոքի ցույցի է դրդել:

Haqqin.az-ը, վկայակոչելով ֆրանսիական լրատվամիջոցները, փոխանցում է, որ նախօրեին`  տեղի ժամանակով առավոտյան ժ. 11-ին, Լանսի Բոլիարտ Դելիս փողոցում  «Լանս» ֆուտբոլային ակումբի հազարավոր երկրպագուներ բողոքել են Մասնագիտական ակումբների վերահսկիչ պալատի որոշման դեմ, որը մերժել էր այդ ֆուտբոլային ակումբին ազգային առաջնության առաջին դիվիզիայում մասնակցության իրավունք տրամադրել:

Ցույցը սկսվել է «Լանս» ֆուտբոլային ակումբի  հիմնով: Երկրպագուները պահանջել են ակումբի նախագահ Ժերվե Մարտելի հրաժարականը եւ ակումբի սեփականատեր Հաֆիզ Մամեդովի համոզիչ պատասխանները, որին համարում են բոլոր դժբախտությունների մեղավոր:

Երկրպագուները ձեռքներին ունեցել են  «Ժերվե, մենք ճշմարտությունն ենք ցանկանում», «Ժերվե, կամ առաջին դիվիզիա, կամ էլ` հրաժարական», «Եվ ուր է ձեր 10 միլիոնը», եւ «Ուր է ձեր Հաֆիզ Մամեդովը» գրությամբ պաստառներ: Ցույցից հետո երկրպագուները երթ են կազմակերպել դեպի քաղաքապետարան, իսկ նրանց մի մասը ներխուժել է շենք` քաղաքապետի հետ հանդիպելու:  Ցույցը լուսաբանել են ֆրանսիացի լրագրողները, իսկ Ֆրանսիայի հեռուստաալիքները մի շարք  թողարկումներ են պատրաստել ցույցերի մասին:

Հիշեցնենք,  ավելի վաղ Ժերվե Մարտելը Դիտորդական հանձնաժողով ֆուտբոլային ակումբի 43 միլիոնանոց բյուջե էր ներկայացրել, սակայն հանձնաժողովը լրացուցիչ երաշխիքներ էր պահանջել: 15-20 միլիոն եվրո ակումբի բյուջեում պետք է ներդներ հենց Հաֆիզ Մամեդովը: Այդ նպատակով նա մայիսին այցելել էր Ֆրանսիա եւ փաստաթուղթ ստորագրել  «Լանսին» 17 միլիոն եվրո հատկացնելու վերաբերյալ: 

Սակայն հանձնաժողովը պահանջել էր, որպեսզի փողերը մինչեւ հունիսի 25-ը փոխանցված լինեն ակումբի բանկային հաշվին: Այդ կապակցությամբ Ժերվե Մարտելն անցյալ շաբաթվա վերջին Բաքու էր մեկնել եւ հանդիպել Մամեդովին: Սակայն Ֆրանսիա էր վերադարձել ձեռնունայն:

Ֆրանսիական մամուլի հարցազրույցում Մարտելը հայտարարել էր, որ «Հաֆկան» սուր ֆինանսական ճգնաժամում է, սակայն խոստացել է 10 միլիոն եվրո հատկացնել հուլիսի սկզբում: Սակայն գումարն այդպես էլ չի ստացվել: 

Նշենք, որ Հաֆիզ Մամեդովի բիզնես կայսրությունը վերջին ժամանակներս Ադրբեջանում կրախ է ապրում: Չնայած դրան` օլիգարխն անցյալ ամիս որոշել էր ձեռք բերել աշխարհի ամենահին ֆուտբոլային ակումբներից մեկը`  «Շեֆիլդ Ուենզդեյը» 50 միլիոն եվրոյով: Եվ դա եւս մեկ անգամ վկայում է, որ Հաֆկան ձգտում է ոչ թե զարգացնել եվրոպական ֆուտբոլը, այլ եվրոպական ակումբների միջոցով օրինականացնել  իր քրեական բիզնեսը եւ կապիտալը Եվրոպայում, նշում է թերթը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ