News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Կարեւոր եւ երկրորդական գործերի բովում, տոների եւ առօրյա հոգսերի հորձանուտում միջին վիճակագրական քաղաքացին հազվադեպ է մտորում ժամանակի գլոբալ ընթացքի, դարաշրջանի փոփոխության եւ էվոլյուցիայի մասին: Հազվադեպ է մտորում այն մասին,  թե ինչ է եղել այս վայրում միլիոն կամ հարյուր միլիոն տարի առաջ: Այն ժամանակներում, երբ Հայաստանի տարածքը տաք օվկիանոսի հատակ էր կամ երբ տեղանքով փղեր էին շրջում... (ֆոտոռեպորտաժ)

Մեր երկրի աշխարհագրական անցյալ NEWS.am-ի  ընթերցողներին կօգնի «մխրճվել» ՀՀ ԳԱԱ Երկրաբանական թանգարանի տնօրեն Գայանե Գրիգորյանը: Տարածքով փոքր, բայց բովանդակությամբ խիստ հագեցած թանգարանը կրում է իր հիմնադիր, հայտնի երկրաբան, դոկտոր, պրոֆեսոր Հովհաննես Կարապետյանի անունը: Հենց վերջինիս ջանքերի շնորհիվ՝  իր իսկ հավաքածուի հիման վրա, 1937թ. ստեղծվել է թանգարանը: Սկզբնապես հաշվվում էր 4500 ցուցանմուշ, այժմ դրանց թիվը գերազանցում է 12 հազարը:

Թանգարանը կազմված է 6՝ հանքաբանության, ապարաբանության, հնէաբանության, հրաբխականության, օգտակար հանածոների, հանքային ջրերի բաժիններից: Թանգարանում գործում է «Էկո ակումբ»՝ ստեղծված 2011թ.՝ դպրոցահասակ երեխաների համար: Այն ծանոթացնում է բնապահպանությանը եւ երկրաբանությանը: Կազմակերպվում են այցեր քաղաքից դուրս, որտեղ երեխաների հետ գործնական պարապմունքներ են անցկացվում

Թանգարանին կից գործում է «Արթ-վոկալ երգչախումբ», որը բնությանը նվիրված երգեր է կատարում: Երգչախմբի ղեկավարն է Առնո Բարխուդարյանը: Թանգարանը հետաքրքրում է ինչպես դպրոցականներին, այնպես էլ տարեցներին, որոնք եւս հաճախ են այցելում այնտեղ: Հետաքրքիր ծրագրեր կան  4-5 տարեկան երեխաների համար: Օրինակ՝ փղերի համար բնակության բարենպաստ պայմանների ստեղծումը:

Առաջինը, որն ապշեցնում է այցելուին, նախապատմական փղի կմախքն է: «Թանգարանի զարդը դարձած կմախքը հայտնաբերվել էր 1927թ. Գյումրիում՝  «Կազաչի պոստ» կոչվող վայրում:

Ընդ որում՝ հայտնաբերվել է շատ պատահական. շինարարական աշխատանքների ժամանակ բանվորները մի քանի ոսկոր էին գտել: Հետագա ուսումնասիրությունը ցույց էր տվել, որ այդտեղ փղերի գերեզմանոց է», - պատմում է Գայանե Գրիգորյանը: Ըստ գիտնականների` դա երիտասարդ` 5-6 տարեկան փղի կմախք է: Համարվում է, որ կմախքը 600 հազար տարեկան է: Նախատեսվում են նոր ուսումնասիրություններ, հաշվի առնելով, որ նախորդները վաղուց են արվել:  

Հայաստանում փղերի հետքեր առաջին անգամ հայտնաբերվել են նախորդ  դարում` Գյումրիի մերձակայքում, Թբիլիսի-Կարս երկաթուղու շինարարության ժամանակ,  Փամբակ եւ Ձորագետ գետերի միացման հատվածում:  Հայտնաբերված մնացորդները ցուցադրվել են Պետերբուրգի եւ Թբիլիսիի թանգարաններում: Սակայն ամենահետաքրքիր բացահայտումներն արվել են 1856 թ.` Արեւմտյան Հայաստանի Խնուս քաղաքի մոտ:  Այդ խոշոր կենդանին անվանել են Elephas Armenicus` «հայկական փիղ»: Մինչեւ այսօր այդ կմախքը ցուցադրվում է Բրիտանիայի ամենախոշոր թանգարանում` 32250 համարի ներքո, նշում է Գայանե Գրիգորյանը:

Երեւանի տարածքում եւս  հայտնաբերվել են փղի կմախքներ` Այնթափում, Մասիսում: Ներկայիս Հայաստանի տարածքում ոչ միայն փղեր են  եղել, այլեւ` ազնվացեղ եղջերուներ»: 

Թանգարանում ներկայացված են հնագույն  բուսական աշխարհի նմուշներ: «Այդ  հետքերի շնորհիվ պարզվել է, որ Հայաստանի տարածքում գոյություն են ունեցել  պտերի  տասնյակ տեսակներ: Այժմ քիչ է` կլիմայի փոփոխության հետեւանքով», - նշում է Գայանե Գրիգորյանը: Թանգարանում մրցույթ է անցկացվել` «Կլիմայի եւ անտառի փոփոխությունները» թեմայով՝  նվիրված Երկրի օրվան: Հաշվի առնելով կլիմայի փոփոխության հարցում մարդու ունեցած մեծ դերը`  մի քանի առաջարկներ են եղել,  որոնցից մեկը վերաբերել է դատարկ հանքավայրերը փոքր թանգարանների վերածելուն: Դա կօգներ էկոտուրիզմի զարգացմանը: Ներկայիս Հայաստանի  անտառները անցյալում  փարթամ են եղել եւ մեծ տարածք են զբաղեցրել: «Դատեք ինքներդ, եթե երկրամասում փղեր են եղել, ապա անտառներն էլ պետք է համապատասխան լինեին: Վառ ապացույցն է  ԵՊՀ-ում պահպանվող բունը` այն կարող են գրկել վեց մարդ: Հսկայական ծառի մնացորդները հայտնաբերվել են Որոտան գետի ափին»: 

Ցուցադրությունում ներկայացված են նաեւ հնագույն ձկների հետքերը: Դրանց մի մասն արդեն վերացել է, մյուս մասը վերափոխված ձեւով գոյություն ունի նաեւ ներկայումս:

Ցուցատախտակներին կարելի է տեսնել Երկրի զարգացման շրջանները:  Քարացած խխունջները՝ պատկառելի չափերից մինչեւ միանգամայն փոքրերը, վկայում են, որ այսօրվա Հայաստանի տարածքը  օվկիանոսի հատակ է եղել: Ներկայացված են քարացած մարջանների տարատեսակներ:

Առանձին ցուցատախտակով ներկայացված են Հայաստանի բոլոր հանքանյութերի նմուշները: Եվ, իհարկե, մեր հպարտությունը հանդիսացող հանքային ջրերը:

«Հայաստանը հարուստ է հանքային ջրերով, եւ խիստ կարեւոր է, որպեսզի այցելուները գիտակցեն այդ օգտական հանածոյի՝ ջրի անգին լինելը»:

Ըստ հայրենի եւ արտասահմանցի մասնագետների՝ Հայաստանն ինքնատիպ է երկրաբանական առումով: «Եվ պետք է արժանի տեղ զբաղեցնի որպես երկրաբանական դպրոց: Պարզապես մենք դա մինչեւ վերջ չենք գիտակցում»,- ընդգծելէ  Գրիգորյանը:

Ներկայացված են շինարարությունում օգտագործվող մեծ թվով քարատեսակներ՝ տուֆ, բազալտ, օբսիդիան, պերլիտ, գրանիտ, մարմար, տրավերտին, խեցաքար:

Վերջինը շատ հետաքրքիր է այն տեղեկատվության տեսանկյունից, թե քանի անգամ է տեղանքը ջրով ծածկվել: Ներկայացված են նաեւ բնական այլ հարստություններ՝ կերակրի աղ, գիպս, վառվող թերթաքար, տորֆ: Շրջափակման տարիներին հսկայական օգուտ էր բերել Ջաջուռի ածխահանքերը: Ածուխն այնքան էլ բարձրորակ չէ, բայց այն տարիներին անփոխարինելի էր:

Ամենահետաքրքիր նմուշներից մեկը Հայաստանի տարածքում հայտնաբերված փոքր քանակությամբ նավթն է: «Նավթի հանքավայրեր որոնել են բազմիցս, սակայն արդյունաբերական ծավալով չի հաջողվել դրանք հայտնաբերել: Նավթը հայտնաբերվել է Արարատյան դաշտավայրում` Հոկտեմբերյան քաղաքի տարածքում (ներկայիս Արմավիրը)` 300 մ խորությունում: Որպես մասնագետ` ուրախ եմ, որ Հայաստանում նավթ չկա, քանի որ հանքավայրի համար  պետք է տարածք տրամադրվեր, իսկ հանրապետության մակերեսն առանց դրա էլ մեծ չէ», - նշում է Գայանե Գրիգորյանը:

Հայաստանը հարուստ է մետաղական օգտակար մետաղներով: Առաջին հերթին` մոլիբդեն, պղինձ: Թանգարանում ցուցանմուշներ կան Լեռնային Ղարաբաղի Դրմբոնի հանքավայրից: Լայն տարածում ունեն կավահողերը: «Դրանց դերը մեծ է մեր կյանքում` հեռավոր անցյալից մինչեւ մեր օրերը: Գրեթե բոլոր բնագավառներում այն  շատ է կիրառվել: Կերակրի կավ, օճառի կավ, որպես կլանիչ օգտագործվող կավ, որը հենց Հայաստանն է մատակարարել ԽՍՀՄ բոլոր հանրապետություններին: Բետոնիտային կավում էլ հաճախ գեղեցիկ ագաթներ են հանդիպում», - պատմում  է թանգարանի տնօրենը:

2012 թ. սեպտեմբերից թանգարանում նոր սրահ է բացվել: Այն կրում է  հավաքածուի սեփականատիրոջ` ամերիկացի  քիմիկոս-տեխնոլոգ Արա Դիլդիլյանի անունը, որը ծագումով Արեւմտյան Հայաստանից էր: Այստեղ ներկայացված են աշխարհի քարերը: Արա Դիլդիլյանն իր կյանքի ընթացքում մեծ սիրով  կուտակել է հավաքածուն եւ մահից հետո այն կտակել է Հայաստանի երկրաբանական թանգարանին:  Իր կենդանության օրոք  Արա Դիլդիլյանը չի ցանկացել դա անել` խուսափելով շնորհակալական խոսքերից: Նա ցանկացել է, որպեսզի հավաքածուն դասագիրք դառնա հայ երիտասարդության համար: Թանգարանում տնօրենի ջանքերով էկո-ակումբ է հիմնվել, որն զբաղվում է ճանաչողական աշխատանքներով:

Այդ սրահում պահպանվում է թանգարանի ամենաարժեքավոր ցուցանմուշներից մեկը` երկնաքարը: Այն 37 կգ է եւ Երկրաբանական ինստիտուտին է նվիրվել 1947 թ.: Երկնաքարը հայտնաբերվել էր Սիխոտե-Ալինում:

«Հավաքածուում հատուկ տեղ են զբաղեցնում կվարց խմբի հանքանյութերը», - նշում է թանգարանի տնօրենը: Կա նաեւ հազվադեպ հանդիպող հերքիմեր ադամանդ: «Երբ այն հայտնաբերեցին, ադամանդ անվանեցին: Սակայն հետո պարզեցին՝ ինչն ինչոց է, եւ վերանվանեցին: Դա կվարցի տարատեսակ է»:

Կան ցուցանմուշներ Հայաստանից: Դրանց շարքում են նմուշներ փիրուզի հանքավայրից,  կերակրի աղի գեղեցիկ բյուրեղներ: «Ըստ լեգենդի` դա Անահիտ աստվածուհու պարգեւն է, որը մարդիկ օգտագործում են իրենց կյանքի ընթացքում», - բացատրում է Գայանե Գրիգորյանը: «Պիրիտը (ծծմբի կամ երկաթի  հրաքար) փայլի համար անվանում են  «հիմարների ոսկի»: Ի տարբերություն  պիրիտի` իսկական ոսկին որպես կանոն  չի փայլում, այլ այն փայլը ձեռք է բերում մշակման գործընթացում»:

Սրահում ներկայացված է նռնաքարերի հարուստ տեսականի: Սովորաբար կարծում են, որ նռնաքարերը միայն  նռնագույն են: Այդպես չէ: Կան սպիտակից մինչեւ սեւ նռնաքարեր, որոնցից յուրաքանչյուրն իր անվանումն ունի: Ամենաթանկը կանաչ նռնաքարն է:

Առանձին ցուցափեղկով ներկայացված են հայկական գունագեղ քարերը: «Քրոմ-երկօքսիդը, որը շփոթում են զմրուխտի հետ, մեղեսիկ, փիրուզ: Շատ երկրաբաններ հաստատում են, որ Հայաստանի տարածքում հանքաքարեր են գտել, որոնք չեն տեսել աշխարհի ամենահարուստ թանգարաններում»:

Սրահում ներկայացված է հավաքածուի կեսը: «Հարցը միայն այն չէ, որ իրատեսական չէր լինի ամբողջը ներկայացնել բավարար մակերես չունենալու պատճառով: Մենք պարբերաբար թարմացնում ենք ցուցադրությունը», - նշում է Գայանե Գրիգորյանը:

Հետաքրքրասեր այցելուները կարող են ցուցափեղկերում տեսնել ոսկու տարատեսակներ, պղնձե «ճյուղեր» եւ բյուրեղյա գոյացություններ: Հազվադեպ հանդիպող հանքաքարերից ներկայացված է ալեքսանդրիտը: «Ցանկացած թանկարժեք քար կարող է ներկայացվել ինչպես թափանցիկ տարբերակով, այնպես էլ` անթափանց: Որքան թափանցիկ է քարը եւ գույնը խիտ, այնքան այն ավելի թանկ է», - նշում է Գայանե Գրիգորյանը:

Թանգարանը գիտական կենտրոն է, որտեղ գիտելիքներ են ստանում եւ աշակերտները, եւ երկրաբանական ֆակուլտետի մագիստրատուրայի, եւ էկոլոգիայի ֆակուլտետի ուսանողները: Թանգարանը մեծ լաբորատորիա է, որտեղ ցուցանմուշները կարելի է ոչ միայն դիտել, այլեւ շոշափել եւ ուսումնասիրել:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ